Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այդպես էլ վկաներից որեւէ մեկը չկարողացավ պարզաբանել, որ երբ տեսանյութով պնդում էր, որ Արմեն Գրիգորյանը երեք-չորս տարի Շիրակի մարզի բնակիչներին շարունակաբար վիրավորում էր, ի՞նչ նկատի ուներ»․ Ռուբեն Մելիքյան

Հունիս 28,2023 14:36

Դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) տեղի ունեցած դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվեցին Շիրակի և Արարատի մարզի բնակիչները, որոնք ցուցմունք էին տվել Արմեն Գրիգորյանի դեմ։

Ներկայացնում ենք վկաների՝ Արարատի մարզի բնակիչ Վանիկ Դավթյանի և Գյումրիում «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի առաջնորդ Արծրուն Թումանյանի հարցաքննությունից հատվածներ։

Վանիկ Դավթյան-Արմեն Գրիգորյանը ցույցի ժամանակ վիրավորել է։

Փաստաբան Ռուբեն Մելիքյան-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ ցույցի ժամանակ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Արարատի մարզի կռվողները թուրքե՞ր են։ Ճի՞շտ հասկացա Ձեզ։

Վանիկ Դավթյան– Այո։ Ասել է, որ նրանք կռվող չեն, նրանք դավաճան են, հանցագործ են, թուրք են, ուրի՞շ։ Է՞լ ինչ ասեմ։

 

Ըստ վկայի՝ նախաքննական ցուցմունքում քննիչը տառասխալ է թույլ տվել․ «Հայերի» ակումբը, գրել է «Հայելի»։

Վանիկ Դավթյան-Կարող է տառասխալ է․ «Հայերի», բայց ոչ «Հայելի» ակումբ։

Ռուբեն Մելիքյան– Փաստորեն վկան նկատի է ունեցել «Հայերի ակումբ» արտահայտությունը։

 

Վանիկ Դավթյանն ասաց, որ այդ ակումբում Արմեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ չի լսել։ Մինչդեռ նախաքննական ցուցմունքում շարադրել էր, որ ուսումնասիրել է Արմեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ էական տարբերություն կա վկա Վանիկ Դավթյանի՝ դատարանում տված և նախաքննական ցուցմունքների միջև և ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքից մի հատված․ «Տեսաձայնագրությունն ամբողջությամբ ուսումնասիրել եմ, հասկացել եմ, որ Արմեն Գրիգորյանն Արարատի, Շիրակի մարզի բնակիչներին վիրավորում է, նաև պայմանավորում է դա նրանց քաղաքական ընտրությամբ, քանի որ նրանց համատեղ անվանում է թուրք և նիկոլական»։

Ռուբեն Մելիքյանը մեջբերեց վկայի նախաքննական ցուցմունքից ևս մեկ հատված․ «Արմեն Գրիգորյանի ելույթն ունի միայն քաղաքական բնույթ և այդ ելույթով նա ցանկանում էր վիրավորել այլ քաղաքական ուժերի հարող ժողովրդին։ Ձե՞ր խոսքերն են։ Կարդում եմ Ձեր ցուցմունքից, այս խոսքերը Ձե՞ր խոսքերն են։ Նոր հրապարակեց դատարանը»։

Վանիկ Դավթյան– Չէ։

Ռուբեն Մելիքյան-Բա նոր ասացիք, որ ճիշտ եք ասել։

Վանիկ Դավթյան– Ասել եմ, էն էլ եմ ասում, էս էլ եմ ասում։ Կարդացիր, հիշեցի, որ ամեն ինչը այնտեղ է ճիշտ։ Էդտեղ ճիշտ բան չկա»։

Ռուբեն Մելիքյան– Նույնն եմ կարդացել։

Հարցաքննվեց նաև Գյումրիում «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի առաջնորդ Արծրուն Թումանյանը, որի՝ տասը հազարավոր համախոհներ ի աջակցություն հեղափոխության, փողոց էին դուրս եկել։

Ռուբեն Մելիքյան– Ձեր գաղափարներն արդյոք համընկնո՞ւմ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարների հետ։ Արդյոք Ձեր ՀԿ-ն համագործակցո՞ւմ է պետական մարմինների հետ։

Արծրուն Թումանյան-Իսկ դա կարևո՞ր է այս գործի մասով։ Ես չեմ պատասխանում այդ հարցին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյան– Հարցին պիտի պատասխանեք, քանի որ մեղադրանքն այնպիսին է, որ առնչություն ունի դրա հետ։

Արծրուն Թումանյան– Ոչ, համագործակցել որպես այդպիսին չունի։

Ռուբեն Մելիքյան– Ճի՞շտ պնդում կանենք, եթե նշենք, որ ՔՊ-ի քաղաքական հակառակորդները նաև հանդիսանում են Ձեր ղեկավարած շարժման հակառակորդները։ Այո՞, թե՝ ոչ։

Արծրուն Թումանյան– Հնարավոր է։

 

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ Արմեն Գրիգորյանի դեմ հարուցվել էր  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար։

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ մեղադրանքի կողմի  ապացույցների հետազոտությունն ավարտվեց, հերթը պաշտպանության կողմի ապացույցներին է։ Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի պաշտպանության կողմի փորձագետը։

Ռուբեն Մելիքյանի գնահատականը վկաների հարցաքննության մասին․ «Հակասական ցուցմունքներ էին տալիս։ Ներքին հակասություններ էին․ օրինակ՝ այդպես էլ վկաներից որեւէ մեկը չկարողացավ պարզաբանել, որ երբ տեսանյութ էր հրապարակվում, որտեղ Արմեն Գրիգորյանի դեմ թշնամանք էր տարածվում, որտեղ պնդում էր, որ Արմեն Գրիգորյանը երեք-չորս տարի Շիրակի մարզի բնակիչներին շարունակաբար վիրավորում էր, ի՞նչ նկատի ուներ։ Երեք-չորս տարի առաջ Արմեն Գրիգորյանը Շիրակի մարզի բնակիչների մասին ի՞նչ է ասում»։

Ռուբեն Մելիքյանին հիշեցրինք՝ նախորդ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք որոշակի վարկած ունեն, թե առհասարակ ինչ օպերացիա էր կազմակերպվել Արմեն Գրիգորյանի դեմ և հարցրինք՝ կարո՞ղ է նշել, թե ինչ վարկած նկատի ունեն, փաստաբանը պատասխանեց․ «Այդ մասին հանգամանալից վաղը կխոսեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930