Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»․ Արցախի խորհրդարանը նիստ է գումարել

Հունիս 28,2023 12:38

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր նիստ է գումարել։ Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին եւ հունիսի 28-ին։ Հունիսի 28-ին՝ ժամը 01։30-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից եւ ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ։ Հավերժ փառք Արցախի եւ Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին»,- ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը (լուսանկարում)։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլեւ նրանց հասցրել է բնաջնջման եզրին։ «Սիրելի հայրենակիցներ, Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու։ ԵԱՀԿ համանախագահները եւ այլ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կյանքը, փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասաց նա։

Արթուր Թովմասյանը նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԵԽԽՎ բանաձեւը՝ Լաչինի միջանցքի ազատ ու անվտանգ մուտքի ապահովման մասին, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունը, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը։ «Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլեւ ոտնահարում է ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930