Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ
– Երբ հայտարարվեց, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության շտաբը Դուք եք ղեկավարելու, հատուկ շեշտվեց, որ ՏԻՄ ընտրություններում նման փորձ ունեք։ Տարբերություններ կա՞ն մարզերի ՏԻՄ եւ Երեւանի ընտրությունների միջեւ։
– Եթե քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից ենք դիտարկում, իհարկե, տարբերություն չկա։ Բոլոր՝ ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ համայնքներում, այդ թվում՝ Երեւանում, մեզ համար կարեւոր է քաղաքացու հետ բաց եւ անկեղծ շփումը։ Կուսակցությունը շատ քիչ ժամանակում՝ հիմնադրումից անմիջապես հետո ընդամենը 1․5 տարվա ընթացքում ակտիվ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, կարողացել է վստահություն ստեղծել հանրության շրջանում․ մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացվածություն է ապահովել 18-ում, համատեղ կառավարում է ստանձնել Տաթեւում եւ հաղթել է Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում։ Բոլոր տեղերում մարդկանց ընտրելու մոտիվացիան նույնն է, պետք է պարզապես նրանց տալ ազնիվը, որակյալը, պատասխանատուն ու նվիրվածն ընտրելու հնարավորություն։ Այս որակները պարզապես չեն մերժում ոչ մի վայրում։ Իհարկե, պետք է կարողանալ ստեղծել մարդկանց մոտ վստահություն, որ դու հենց դրանք կրող ուժն ես։ Անհամեստություն չենք ուզում անել․ արդեն մեր անցած ճանապարհը մեզ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ ժողովրդի հետ ճիշտ աշխատելով կարողացել ենք ձեռք բերել վստահություն, եւ դա մեզ համար հիմք է ասելու, որ երեւանցին եւս ընդունելու է մեր առաջարկը։ Երեւանի ընտրությունները ոչ միայն համայնքի ընտրություններ են, որը որոշելու է մայրաքաղաքի առաջիկա հինգ տարվա զարգացումը, այլ նաեւ` քաղաքական կարեւոր իրադարձություն, քանի որ ակնհայտ է, որ Երեւանում մեր հաջողությունն էապես փոխելու է հետագա քաղաքական գործընթացների ընթացքը, եւ մենք այս ճանապարհը համարում ենք ամենաարդյունավետը երկրում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու մասով։
– Սեւ փիառին ինչպե՞ս եք հակազդելու եւ ինքներդ սեւ փիառ, մրցակիցների մասին ոչ հաճելի կամ անձնական ինֆորմացիա պատրաստվո՞ւմ եք հրապարակել։
Կարդացեք նաև
– Ցավում եմ, որ ատելությունն ու կեղծիքը դարձել են քաղաքական դաշտի անբաժան մասը, որի մասով, սակայն, հասարակության հավաքական վերաբերմունքը պարզ է․ մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը բոլորի մասին շատ լավ են հասկանում։ Մեր աշխատանքը լինելու է եւ կա քաղաքացու հետ՝ խոսել ուղիղ եւ ճշմարիտ։ Քաղաքացին ամեն բան լսելու է մեզնից, եւ ամեն մտահոգության ու հարցի մասին մենք միշտ տալիս ենք պարզ եւ ազնիվ պատասխան։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: