Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ է, ապրել միշտ էլ ուզում ես». մեր Արսենը

Հունիս 28,2023 12:00

Երեկ Թոխմախի ընտանեկան գերեզմանում ամփոփվեց Արսեն Ստեփանի Մկրտչյանը:

Նա հունիսի 6-ին իր մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել, ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, վիրահատվել երկու անգամ, սակայն այդպես էլ նրա կյանքը փրկել չհաջողվեց: Արսենի հետ մահից մի քանի օր առաջ հեռախոսով զրուցել էի, նրա լավատեսությունը տեղ չէր թողնում վատ բան մտածելու: Ասաց, կամաց-կամաց լավանում է, նաեւ՝ թե ամբողջական ոտքի կկանգնի վեց ամիս հետո… Երբ քրոջաբար «ջղայնացա» իր այդ «մոտո»-ի համար, ասաց՝ մեղավորը ինքն է… Նա հաճախ էր իր վրա վերցնում ամեն բան, իրեն դա բնութագրական էր… Իր կենսագրության դժվարին շրջանում էլ նա իրեն էր մեղադրում, եւ ինչպես սիրում էր ասել՝ «դժվար բաները ՏՂՈՒ համար են»: «ՏՂԱ ԷՐ». նրա խոսքն էր, դրանով բնութագրում էր ամեն լավ բան, լավ որոշում, լավ մարդու…

Արսենն իմ հարազատն էր: Նրա մանկության մի հատված անցել է աչքիս առաջ: Նախ, որ մենք բնակվում էինք Նոր Նորքի նույն շենքում, իսկ մայրս եւ նրա մայրը մորաքրոջ թոռներ էին: Գրեթե ամեն օր նրանց տանն էի… Մայրը՝ Նազիկ Մաթեւոսյանը ճանաչված բժշկուհի էր, ապա դարձավ Նոր Նորքի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, հայրը՝ Ստեփան Մկրտչյանը, Իրաքում դեսպան էր, մորեղբայրը՝ ԵՊՀ պրոռեկտորն էր՝ Ռաֆիկ Մաթեւոսյանը, մորաքույրը՝ Լենան, կրթության ոլորտի նվիրյալներից…

Գյումրիի համուհոտն էր նրա մեծ ընտանիքը…

Արսենն աշխատեց «Դատապարտյալների հիվանդանոցում», որպես պետի տեղակալ, ապա՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում, իրավաբանական վարչության պետն էր… Նա խարիզմատիկ կերպար էր, երեւացող, հասարակ մարդու հետ հասարակ, պարզ, բավարարվում էր քչով, երբեմն մտնում իրեն դիմողների վիճակի մեջ, հաճախ այդ խաթրաշատությունը, բնականությունը «ազդում էր», նրա նկատմամբ կար նաեւ նախանձ…

Ես մի քանի Արսեն եմ տեսել. մանկության տարիների, Հարավկովկասյանի Արսենին, փաստաբան Արսեն: Բոլորի համար նա «Մեր Արսենն էր»…

Երբ Արսենը եկավ Ռուսաստանից, ուր հանգամանքների բերումով հայտնվել էր, տաքսի վարել, ես ուժեղ Արսեն տեսա:

Արսենը 2008-ին դիմել էր Ստրասբուրգ՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության էին դրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության հայցը, որը ներկայացրել էր ավագ դատախազ Լեւոն Մուսախանյանը: ՀՀ քաղաքացի, իրավաբան Արսեն Մկրտչյանից պետությունը պահանջում է 1 մլն-ից ավելի գումար: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա իբր գումար էր հափշտակել: 2004 թ. օգոստոսի 16-ին նրա նկատմամբ կայացվել էր որոշում՝ խափանման միջոց ընտրելով կալանքը:

Դատարանում Արսենը ցույց էր տվել անձնագիրը, որտեղ նշված էր, որ նա Ռուսաստան է գնացել օրինական ճանապարհով, 2004 թ. հունիսի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ քրեական գործ չկար: Հայտնվելով ՌԴ Ուֆա քաղաքում, ներկայացել է տեղի ոստիկանության բաժին եւ հարկային, հաշվառվել, քանի որ զբաղվում էր ձեռներեցությամբ:

Հետագայում պիտի պարզվեր, հայաստանյան հանցակազմը բացակայել է, «տուժողն» ակնհայտ սուտ ցուցմունք էր տվել…

Արսենը եկավ Հայաստան, հաղթեց ՄԻԵԴ-ում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր ընդդեմ Ռուսաստանի գործով դիմումը. Ռուսաստանը, ըստ ՄԻԵԴ որոշման, հատուցեց 7500 եվրո գումար եւ 850 եվրո, որպես փաստաբանին վճարվելիք գումարը: Նշեմ, որ Արսեն Մկրտչյանն առաջինն է, որ հաղթում է այլ պետությանը՝ ՌԴ-ին ՄԻԵԴ-ում, իսկ նրա եղբայրը՝ Արմեն Մկրտչյանն առաջին դիմումատուն էր Հայաստանից, որը հաղթեց ընդդեմ Հայաստանի դատը:

Նրա նկատմամբ սուտ ցուցմունքներին գումարվում էին սպառնալիքները, վախեցնելու կեղծ իրավական հնարքները: Հիշում եմ, նրա հետ զրույցի ժամանակ գրել եմ, որ դատախազությունը պահանջել էր 1 200 504 դրամ՝ նրան ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու գումարը: Արսենը հարցնում էր. ինչո՞ւ պետք է ինքն այդ գումարը հատուցի, եթե պարզվել է, որ հետապնդվել է հանիրավի, եւ դեռ նյութական ու բարոյական անչափելի վնասներ է կրել:

Արսենը 11 ամիս 11 օր պահվեց այդ սուտ ցուցմունքի պատճառով Ուֆայի կալանավայրում: Նախ այնտեղ պահվել էր առանց իմանալու, թե ինչու:

Այն էլ՝ քրեականների խցում, Ադրբեջանի 4 քաղաքացիների հետ. «Ինձ դատարան տարան ձեռնաշղթաներով: Խնդրում էի հանել, քանի որ դրանք ձեռքերիս փոքր էին: Չէին հանում: Բաժակ անգամ չեմ ունեցել: Օրական մեկ անգամ էր տրվում ուտելիք կոչվածը: Սափրվելու հնարավորություն չկար: 7-րդ կորպուսի 49 խցում կար 22 կալանավոր, ում համար նախատեսված էր 16 քնելատեղ: Հետագայում փոխեցին խուցս, որը 30 քմ էր՝ 8 հոգու համար: Անընդհատ կամերայով նկարում էին, օպերատորները կանայք էին, որոնք տեսնում էին, թե ինչպես էինք մեր բնական կարիքները հոգում…»:

11 ամիսների ընթացքում նրա հետ տեսակցություն չէր եղել: Մկրտչյանի գտնվելու վայրի մասին ՌԴ արդարադատության մարմինները տեղյակ չէին պահել նրա հարազատներին: Երբ մահացավ Մկրտչյանի հայրը, այդ մասին անգամ նրան չտեղեկացրին…

Արսենն «իր ափսեի մեջ» էր, երբ վերջնականապես նվիրվեց իրավաբանությանը, նա սոցիալական ցանցերում ամենակարդացվող իրավաբաններից մեկն էր:

Երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը, եղբոր՝ Առաջին արցախյան պատերազմի մասնակից Արմենի հետ մեկնեցին առաջնագիծ:

Արսենն այդ ժամանակ Մանվել Գրիգորյանի կանչով էր գնացել: Երբ քրեական գործ հարուցվեց, Արսենն այդ ժամանակ Մանվել Գրիգորյանի կողքին էր… Շատերը շփոթեցին ռազմաճակատն ու իրավական ճակատը, եղան նաեւ վիրավորանքներ, անձնական սպառնալիքներ, բայց Արսենն այնքան հասուն էր, այնքան ուժեղացած էր մտել փաստաբանության աշխարհ, որ նրան վախեցնել անհնար էր:

Արսենն ուղղախոս էր, նա կարող էր լավին լավ ասել, վատին վատ, եթե անգամ այդ վատն ասելն իր վրա կարող էր թանկ նստել: Բայց նա իր օրինակով շատ կարծրատիպեր էր փորձում ջարդել, ու դա նրա մոտ ստացվում էր:

Արսենը երազում էր գիտությամբ զբաղվելու մասին: Նա երբեմն այնպիսի առաջարկներ էր անում, որն ընդունում էին կողմերը, որը հետագայում դառնում էր քննարկումների, փոփոխությունների առարկա:

Նա սիրում էր կյանքը, շնորհակալ էր ամեն բանի համար: Վթարից մեկ օր հետո նա ՖԲ իր էջում գրեց հետեւյալը. «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ բառիս բուն իմաստով դեռ ապրում եմ ձեր հաշվին։ Եթե դուրս եկա վիճակից, ոչինչ անպատասխան չի մնա։ Սուտ է, ապրել միշտ էլ ուզում ես»:

Արսենը մինչ վթարը, եկավ խմբագրություն, նա ուրախ էր, երբ Գյումրիի դատավորը ծնողներին մեկ տարուց ավելի չտեսած Նիդեռլանդների Թագավորության քաղաքացուն թույլ էր տվել դուրս գալ Հայաստանից: «Ծնողը թանկ բան է, -ասաց, -թող գնա հասնի նրանց…»: Տեսնես ինքը զգո՞ւմ էր, որ օրեր հետո ինքն է գնալու նրանց «հասնելու»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2023

«Առավոտ» օրաթերթի խմբագրությունը ցավակցում է ճանաչված փաստաբան Արսեն Ստեփանի Մկրտչյանի ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930