Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին ստիպեցին ներկայանալ ամերիկյան ռաունդին

Հունիս 28,2023 11:00

Մինչեւ հունիսի 29-ը Վաշինգտոնը «շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ» է խոստանում

Վաշինգտոնին հաջողվեց Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Հունիսի 27-ից Վաշինգտոնում մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլն է:

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով: Ադրբեջանական կողմի վարքագծի հավանական պատճառ շրջանառվեց` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետընտրական ավանդական այցը Բաքու: Սակայն այս առիթով նաեւ կասկածներ հնչեցին, եւ գերիշխում էր համոզումը, որ Բաքուն խուսափում է Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից` նախապատվություն տալով Մոսկվայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների պահպանմանը:

Ահա, անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը հաղորդեցին վաշինգտոնյան նոր բանակցությունների կազմակերպման մասին:

Հավանականություն կա, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Վաշինգտոնյան բանակցությունները կտեւեն մի քանի օր, նախ հայտնեց Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման` խաղաղության պայմանագիրն է։

Այնուհետեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտնեց, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչեւ հունիսի 29-ը։ «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի եւ կշարունակվեն մինչեւ հինգշաբթի։ Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների հետ», – նշեց Միլլերը: «Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, եւ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է՝ կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար», – ընդգծեց Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են տեղի ունենալու, եւ շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կլինեն:

Անցյալ շաբաթ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ հայկական կողմը տրամադրված է խաղաղության պայմանագրի կնքման։ «Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար», – ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն անցկացվեցին, դրանցից հետո ակտիվացան հայ-ադրբեջանական հանդիպումները, ամիսների դադարից հետո լիդերները 3 բանակցություն անցկացրին, նաեւ դեպի Նախիջեւան երկաթգիծը վերաշահագործելու հարցով ձեռք բերված կոնսենսուսի մասին հաղորդվեց։ Քառօրյա քննարկումներից հետո կողմերը հայտնեցին, որ որոշ կետերի շուրջ փոխըմբռնում է գրանցվել, սակայն մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ «տարաձայնությունները պահպանվում են»:

Վաշինգտոնյան երկրորդ բանակցությունները, փաստորեն, կնախորդեն հուլիսի 21-ին՝ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ՝ հանդիպմանը։

Այսպես, Վաշինգտոնը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում ուղիղ շփումների միջոցով կարգավորել չլուծված խնդիրները, վստահեցնելով, որ դա երկու երկրների առաջնորդներին կտա կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին: Եւ այն փաստը, որ Վաշինգտոնում կրկին ծրագրում են մի քանի օր բանակցել, թերեւս, վկայում է այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ իրավամբ առարկայական քննարկումներ են ընթանում:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ժամանակացույցի համաձայն հունիսի 27-ին Վաշինգտոնին մերձակա Արլինգթոնի Ջորջ Շուլցի անվան կենտրոնում Էնթոնի Բլինքենը նախ hանդիպեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցկացվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:

Միրզոյան-Բլինքեն հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման կարեւոր գործոն», արձանագրվել է ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ: «Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաեւ բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Միրզոյան-Բլինքեն բանակցությունների օրակարգում հատկանշական է արձանագրումը` սահմանազատման գործընթացի ապահովում՝ Ալմա-Աթայի հռչակագրով եւ 1975թ. քարտեզով, սահմանից զորքերի հետքաշում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրում:

Եռակողմ հանդիպմանն արդեն ՀՀ ԱԳ նախարարը բարձրացրել է չլուծված հարցեր, որոնց լուծումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ Վերահաստատվել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը եւ ընդգծվել են կողմերի պարտավորությունները։ Այնուհետեւ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հայտնի է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ընդգծել է, որ Երեւանը ճանաչում է խորհրդային երկու հանրապետությունների սահմանները՝ Հայկական ԽՍՀ-ն՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրով, եւ Ադրբեջանական ԽՍՀ-ն՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, իր հերթին, հաստատել է, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն կոնկրետ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին ոչինչ չի ասել:

Վաշինգտոնյան բանակցություններից առաջ պաշտոնական Երեւանը ի դեմս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարեց, որ հայկական կողմը բանակցություններում ոչ միայն փորձում է երաշխավորել նշված տարածքի անձեռնմխելիությունը, այլեւ ընդգծում է, որ չի կարելի անտեսել Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը:

Aravot.am-ը օրերս ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հարց էր ուղղել այն մասին, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, որի մեջ մտնում է նաեւ Արցախը, սակայն Ալիեւի կողմից չենք լսել որեւէ հայտարարություն, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29.800 քկմ տարածքով: Ռուբինյանը պատասխանել էր. «Ամեն դեպքում բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին եւ ադրբեջանական կողմից դրանից հետո հերքում համենայնդեպս չի եղել: Բայց, այո, դուք ճիշտ եք, Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս իրենք չեն հայտարարել դրա մասին եւ դա միանշանակ խնդիր է: Մենք միջազգային գործընկերների հետ քննարկում ենք սա: Բայց արդյոք շտապե՞լ ենք, թե՞ չենք շտապել, պետք է հասկանալ մի պարզ իրողություն՝ ՀՀ-ին պետք է, որ մեր սահմանները լինեն չվիճարկվող եւ չվիճարկված: Որովհետեւ, եթե կան սահմաններ, որոնք վիճարկված են, դրանք կարելի է տարբեր պատրվակներով խախտել: Ադրբեջանը իր բոլոր ռազմական սադրանքների մեծ մասը փորձում է հիմնավորել դելիմիտացիայի բացակայությամբ, կամ այլ աբսուրդային մտքերով: Հետեւաբար, ՀՀ շահերից է բխում ունենալ չվիճարկվող սահմաններ: Ընդ որում, այդ սահմանները ունենք, դա փաստ է: Դելիմիտացիա չունենալը չի նշանակում չունենալ սահմաններ: Բոլորը գիտեն` որոնք են ՀՀ սահմանները: Եվ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Ադրբեջանը նույնպես դրանք բաց հայտարարի եւ ֆիքսի»:

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական Երեւանին պատասխանում են, թե մտադիր չեն Ղարաբաղի հայերին տրամադրել անվտանգության հավելյալ երաշխիքներ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն, օրինակ, օրերս հայտարարեց, թե Արցախում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ` «ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար»: Ինչպես նաեւ Բաքուն հայտնեց` «նոր հրթիռային համակարգերի ձեռքբերման» մասին։

Այս պայմաններում ակնկալել, թե բանակցություններում պաշտոնական Բաքուն զիջումների կարող է գնալ, մեղմ ասած, անհավատալի է թվում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930