Լրահոս
Օրվա լրահոսը

1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է

Հունիս 28,2023 13:00

«Այս ասպիրանտները պահանջում էին, որ Աբեղյանը հրաժարվի իր քերականությունից ու գրականագիտությունից ու «մեղա գա, ուղղվի»

«Մանուկ Աբեղյանը 1931 թվին հեռացավ համալսարանից, որովհետեւ մի անասելի հալածանք էր սկսվել իր դեմ: Ու ոչ միայն համալսարանից հեռացավ, այլեւ, մոտ մի 50 տարի հայոց լեզու դասավանդելուց հետո, ստիպված, դասավանդելը թողեց: Հալածողները մեր այս «երիտլեզվաբաններն» էին՝ Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սեւակը, ովքեր իրենց պես «լեզվաբաններով» բանակ կազմած` հարձակվել էին Աբեղյանի քերականության ու գրականագիտության վրա: Արարատ Ղարիբյանը պրոֆեսոր Աճառյանի ասպիրանտն էր, իսկ Գուրգեն Սեւակը՝ պրոֆեսոր Ղափանցյանի: Ու սրանք, 5 տարի անընդհատ, ամեն առիթով ու ամեն տեղ, ժողով էին անում ու թերթերում էլ անընդհատ հոդված էին տպում, հայտարարելով, թե «Աբեղյանի քերականությունը բուրժուական է, իդեալիստական է, հակադիալեկտիկական է, մետաֆիզիկական է, իմպերիալիստական է, «բերկլինական» է (սխալն իրենցն է), ֆորմալիստական է եւն, եւն: Այս ջահել ասպիրանտների պրոֆեսորները լռում էին: Ժողովներն ու հոդվածները ոչ միայն Հայաստանում էին, այլեւ՝ Թիֆլիսում ու նույնիսկ՝ Բաքվում: Այս ասպիրանտները պահանջում էին, որ Աբեղյանը հրաժարվի իր քերականությունից ու գրականագիտությունից ու «մեղա գա, ուղղվի»: Աբեղյանն առարկելու ոչ մի հնարավորություն չուներ: Աբեղյանին ձայն չէին տալիս, ու նրա գրած պատասխանները ոչ մի անգամ ու ոչ մի տեղ չէին հրատարակում, նույնիսկ երբ դիմում էր հանրապետության ազդեցիկ դեմքերին»,-գրել է ֆիզիկոս, տնտեսագետ, լեզվաբան, թարգման, պոետ, արձակագիր, տնտեսագիտության ավստրիական դպրոցի հետեւորդ ու Մանուկ Աբեղյանի լեզվաբանության միակ հետեւորդ Մերուժան Հարությունյանը, որի «Հայերենի տեսության ու ոճերի առանցքային հարցերը» գիրքը լույս է տեսել օրեր առաջ:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 26-ին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ հարկի դահլիճում։

Հեղինակն ասաց, որ գիրքը նվիրել է իր ուսուցչին ու ավագ ընկերոջը, արդի հայերենի գիտական տեսության հիմնադիր ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ հիշատակին:

Ըստ գրքի առաջաբանի, սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարունակելով Մ. Աբեղյանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյուրի հետազոտական մեթոդով, ինչպես նաեւ պռաքսեոլոգիական հետազոտությունների հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի ու սպոնտան կարգերի տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերականգնում է հայերենի սինքրոն լեզվաբանության գիտականությունը: Գիրքը պարունակում է լեզվաբանական ու ոճաբանական բազում նորություններ:

Մերուժան Հարությունյանն ասաց. «Արդեն 1934 թվից, երբ լույս տեսավ Արարատ Ղարիբյանի քերականության դասագիրքը, հայ գիտական քերականության հիմնադիր Մանուկ Աբեղյանի «Հայոց Լեզվի Տեսությունը», փաստացի, արգելված էր Հայաստանի բոլոր դպրոցներում ու համալսարաններում: Այս շարադրանքը Հայաստանում վերջին 89 տարին լույս տեսնող հետաբեղյան հակագիտական   բազում քերականության դեմ մի պայքարի մանիֆեստ է: Սա գրվել է թե մեր գրական լեզու կոչվածը, թե Երեւանի բարբառն ու սրանց քերականությունները մոտ 30 (եթե ոչ 65) տարի ուսումնասիրելով ու հետազոտելով: Ըստ էության այս գիրքը նաեւ Երեւանի բարբառի այսօրվա վիճակի առաջին քիչ թե շատ մանրամասն ուսումնասիրությունն է, ինչի գրելը տեւել է մոտ 16 տարի»:

Հեղինակը հայտնեց, որ գիրքը գրելիս, ինքնին, ստեղծվել է հետազոտության նոր մեթոդ, ինչը հենված է, մի կողմից, Աբեղյանի քերականական մեթոդին, մյուս կողմից, թե ժամանակակից լեզվաբանության հիմնադիր՝ ֆրանսիացի Ֆերդինանդ դե Սոսյուրի ու անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթի ֆունդամենտալ գաղափարներին ու լեզվական կենդանի պրոցեսի ինքնին ճշտության թեզին. «Մյուս կողմից, այս գիրքը հետեւում է թե հնդեվրոպաբան երիտքերականների հիմնական թեզերին առհասարակ, թե տնտեսագիտության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերի հետեւորդ Լուդվիգ ֆոն Միզեսի մարդկային արարմունքի տեսությանը (պռաքսեոլոգիային), թե մանավանդ այս վերջինի աշակերտ ու հետեւորդ Ֆրիդրիխ Ավգուստֆոն Հայեկի դիֆուզ կարգավոր գերբարդ ու բաց համակարգերի սպոնտան (ինքնին) ընթացքի տեսությանը: Այնուհետեւ, այս նոր մեթոդով թե հաստատվել է Աբեղյանի տեսության հիմնական արդյունքները, թե ճշտվել են սրանցից մի քանիսը, թե զգալի քանակով նոր արդյունք է ստացվել»: Ինչն էր պատճառ դարձել նաեւ այդ գրքի ծննդին:

Հեղինակի տեղեկացմամբ, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի 1975 թվին հրատարակած «Լեզվաբանական բառարանի» բայի 5 տողանոց սահմանման մեջ կա 12 տրամաբանական հակասություն: Այսպիսի սխալների թիվը քիչ չի նաեւ այլ սահմանումների մեջ…

Ըստ հեղինակի՝ Հայ լեզվաբանության համար հեղինակը նշում է 80-ից ավելի նորություն կամ յուրովի մեկնություն:

Գիրքը, ըստ էության, ներկայացնում է նաեւ Երեւանի բարբառի այսօրվա վիճակի թռուցիկ ու սրա քերականության այնպիսի ուսումնասիրության շարադրանքը, ինչի մանրամասնությունն աննախադեպ է: Ըստ հեղինակի՝ չնայած սույն գիրքն առաջարկում է լեզվաբանական հետազոտության մի քանի լրիվ նոր մեթոդ, այնուամենայնիվ, սա հարազատ է մնում Ֆերդինանդ դե Սոսյուրի, Լուդվիգ ֆոն Միզեսի ու Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի գիտական սկզբունքներին:

Գրքի էջերի թիվն է 696, գլուխների թիվը 22 է, ունի հինգ հավելված:

ԵՊՀ ռեկտորը նույնպես մասնակցեց գրքի շնորհանդեսին, նրա խոսքն ավելի շուտ կոչ էր քննարկման մասնակիցներին, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում դպրոցների ուսուցիչները, դասախոսները, ուսանողները, անգամ դպրոցականները, «Օբյեկտիվ քննարկում, օբյեկտիվ կարծիք հայտնել, օբյեկտիվ քննադատություն ու պատասխաններ եմ ցանկանում»:

Ճամբարակի դպրոցի երկարամյա ուսուցչուհի Հասմիկ Գաբրիելյանը տարիներ շարունակ զբաղվում է Աբեղյանի քերականության ուսումնասիրմամբ, ասաց. «Գիրքը երեք անգամ կարդացել եմ: Կարեւորը գրքի սկզբունքն է, որի հետեւից ես գնում եմ»: Ըստ նրա, դասագրքերը պետք է լինեն «մարդավարի», հասկանալի լեզվով գրված: Նա հեղինակին համարեց «հանրագիտարանային» գիտելիքներ կրող մեր շատ քիչ մտավորականներից մեկը, որից ինքն անվերջ սովորում է:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Մերուժան Հարությունյանը տեղեկացրեց, որ գրքի տպագրությունից հետո դիմել էր ԿԳՍՄ նախարար Ժ. Անդրեասյանին, հայտնել, որ հրատարակել է իր լեզվաբանական 30-ամյա հետազոտությունների «Հայերենի տեսության ու ոճերի առանցքային հարցերը» ամփոփ մենագրությունը:

«Առ այսօր Աբեղյանի քերականությունը չի դասավանդվում, ու սրա վարկն առ այսօր չի վերականգնված: Սրա փոխարեն դասավանդվում են այդ նույն «դասակարգային ու պրոլետարական» քերականության ժառանգները՝ Ղարիբյան-Սեւակյան քերականությունները:

Ես իմ հասուն կյանքի ամենաքիչը 30 տարին նվիրել եմ հայերեն լեզվի ու գրականության զանազան խնդիրներին ու հանգուցյալ Մանուկ Աբեղյանի քերականական տեսության միակ հետեւորդն ու շարունակողն եմ: Պաշտոնական լեզվաբանությունը, չնայած մամուլում իմ հրապարակային ելույթներին ու մի քանի գրքի շարադրանքին, երբեւէ գիտական պատասխան չի տվել իմ քննադատություններին, թեեւ իմ քննադատությունը գիտական մեթոդով է ու, ըստ էության, կրկնում է Ղարիբյան-Սեւակյան քերականությունների Մանուկ Աբեղյանի 1936 թվի սպանիչ քննադատությունը: Հնարավոր է, որ իմ եզրակացություններն ու դիտողությունները վիճելի լինեն ու սրանք պատասխանի «արժանի չլինեն», բայց Մանուկ Աբեղյանն իր սպանիչ քննադատության պատասխանին սպասում է 1936 թվից, այսինքն՝ 82 տարի»,-գրել էր նա:

Նա նախարարին տեղեկացրել էր նաեւ, որ Մ. Աբեղյանի «Մի քանի քերականական խնդիրների մասին» գործը հրատարակվելուց հետո արդեն 38 տարի է անցել, սակայն մեր լեզվաբանները մի բառ անգամ չեն ասում այն գիտնականին, ով արդի հայերենի գիտական տեսության հիմնադիրն է, ու ով իրենց քերականությունները համարում է «տգիտություն ու կոկոզաբանություն», որոնք հեղինակի տեղեկացմամբ, Աբեղյանի բնութագրերն են:

Նախարարը չէր արձագանքել:

Գիրքը լայն շրջանակների համար է, միայն տասնմեկ էջ վերնագրերն են՝ Լեզուն ինչի՞ համար է, Լեզվի կրողները, Հայերի պետական «լեզուն» աղավաղմունք է, Բայի հակագիտական սահմանումները, Անհայտ ստորոգյալն ու տավտոլոգիան, «Երեւանաբարբառախորշությունը», Աճառյանը Երեւանի «ժառգոնի մասին», Կենդանին բառերով չի մտածում…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930