Հարցազրույց հագուստի դիզայներ Անահիտ Փոլադովայի հետ
– Հարգարժան Անահիտ, թույլ տվեք զրույցը սկսել ձեր հոր՝ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի հիմնադիր Արսեն Փոլադովի՝ 1990-ականներին Հայաստանից լուռումունջ՝ ինչպես արվեստում էր, հեռանալու պատճառների մասին։ Գիտենք, որ դեռեւս Մոսկվայի արվեստի ինստիտուտի ռեժիսորական բաժնում ուսանելու տարիներին՝ 1972թ., նա հրավիրվում է Երեւան՝ ներկայացում իրականացնելու նպատակով։ Ընդ որում, հենց այդ ժամանակահատվածում Փոլադովն ավարտել էր կինոյի պետական ինստիտուտի երկամյա դասընթացը ռուս հանրահայտ մնջախաղաց Ռումնեւի ղեկավարությամբ։ Ի դեպ, եկող՝ 2024 թվականը հոբելյանական է Երեւանի մնջախաղի թատրոնի համար. լրանում է հիմնադրման 50 տարին եւ Արսեն Փոլադովի 85-ամյակը։
– Հայրս շուրջ քառորդ դար ղեկավարելով Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, իսկապես լայն գործունեություն է ծավալել։ Առաջին՝ Վիլյամ Սարոյանի «Սովյալները» ներկայացմանը, որը բարձր գնահատականի է արժանացել հեղինակի կողմից, հաջորդել են բազմաթիվ բեմադրություններ, որոնցով թատրոնը հանդես է եկել համամիութենական եւ միջազգային փառատոներում…
– Մի ներկայացումից հետո էլ Արկադի Ռայկինն ասել է՝ ես տեսել եմ շատ թատրոններ եւ մնջախաղի թատերախմբեր, բայց երեւանյան մնջախաղն առանց սխալվելու կառանձնացնեմ տեսածս հարյուրավորներից։ Կներեք ընդհատելու համար, խնդրում եմ շարունակեք՝ 1995-ին Փոլադովը հեռանում է…
– Միայն կասեմ, որ հայրս դառնացած է հեռացել, ի դեպ, գործունեություն ծավալելու համար ունենալով բոլոր պայմաններն ու հնարավորությունները արեւելյան գրեթե բոլոր երկրներում։ Բանն այն է, որ հորեղբայրս երկար տարիներ հանդիսացել է արեւելյան երկրներում Ռուսաստանի դեսպանությունների գլխավոր համակարգողներց մեկը։ Կարճ ասած՝ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Իրան, որտեղ հայրս շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կից հիմնելով մնջախաղի թատերախումբ։ Չորս տարի անց չերկարացնելով աշխատանքային պայմանագիրը, 2000թ. տեղափոխվեցինք Յարոսլավլ։ Ինչո՞ւ, որովհետեւ հայրս կապված էր իր հարազատների հետ եւ չէր ուզում նրանցից հեռու լինել։ Յարոսլավլում հայրս դասավանդում էր տեղի թատերական ինստիտուտում, ընթացքում էլ դասեր էր անցկացնում Թուրքիայում եւ Գերմանիայում։ Նշեմ, որ այդ տարիներին նա հրավիրվում էր նաեւ միջազգային փառատոների՝ ժյուրիի կազմում աշխատելու նպատակով։ Իսկ 2004-ին, 65 տարեկանում, հենց Յարոսլավլում հայրս կնքեց իր մահկանացուն։
– Դուք ծնվել եք Երեւանում…
– Այո, ծնվել եմ Երեւանում, համալսարանն ավարտել Յարոսլավլում, որից հետո որոշեցի զբաղվել այն գործով, ինչը մանկուց երազել եմ՝ հագուստի մոդելավորմամբ։ Հիմնեցի սալոն-ատելյե, որը գործեց ավելի քան 5 տարի։
– Ռուսաստանյան մամուլից գիտենք, որ ձեր զգեստները ինքներդ եք ցուցադրել, ինչը, մեր դիտարկմամբ՝ եզակի դեպք է։ Տեղեկացված ենք նաեւ, որ ձեր մոդելներով զգեստները լայն պահանջարկ են ունեցել, այդքանից հետո ինչո՞ւ վերջակետ դրեցիք սալոն-ատելյեի գործունեությանը։
– Այո, սալոն-ատելյեն փակեցի, իսկ այս պահին պատրաստվում եմ նոր մտահղացումներ իրականացնելու նպատակով մեկնել ԱՄՆ։
– Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ում են բնակվում Երեւանի մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի դերասաններ, ամուսիններ Կարինե Դովլաթյանն ու Լեւոն Մանվելյանը, Մառա Ասլանյանը… Նոր սերնդի դերասաններից էլ Արթուր Դեր Թումասյանը, Արմեն Հովակիմյանը… ԱՄՆ-ում գուցե հանդիպեք նրանց հետ, համագործակցության գաղափարներ առաջանան…
– Վերջերս համացանցում Արթուր Դեր Թումասյանի հետ հիմնեցինք Արսեն Փոլադովի էջը, ինչի արդյունքում մնջախաղի հին ու նոր սերնդի արտիստները շատ արագ գտան միմյանց, իսկ արդյունքը «Նարեկացի» արվեստի կենտրոնում մայիսին կայացած հանդիպումն էր։ Երեկոյի խորագիրն էր՝ «Զրույցներ Արսենի հետ»։ Հիշարժան երեկո ստացվեց։ Հորս «թատերական մեծ ընտանիքի» անդամները կիսվեցին հիշողություններով, ներկայացրին հետաքրքիր պատմություններ եւ այլն։
– Գանք ձեր արվեստին. ԱՄՆ-ում ճիշտ-ճիշտ շարունակելու եք ձեր ռուսաստանյա՞ն գործունեությունը, թե՞…
– Այս պահին հասկանալի պատճառով չեմ կարող «գծել» ԱՄՆ-ում մտահղացումներս իրականացնելու ճանապարհը։ Բայց մի հետաքրքիր բանի մասին կուզեի խոսել. գործունեությանս ընթացքում շատ եմ լսել, նույնիսկ ինձ ուղիղ ասել են, թե ստեղծածս զգեստներն ավելի շատ Ամերիկայի համար են, քան Ռուսաստանի…
– Իսկ դուք համամի՞տ եք դրան։
– Միանշանակ՝ այո։ Հենց դա է պատճառներից մեկը, որ պիտի հայտնվեմ օվկիանոսից այնկողմ։
– Ռուսաստանում բիզնես լեդիներ հայտնվել են վերջին տարիներին, մինչդեռ ԱՄՆ-ում նման կարգավիճակ ունեցող կանայք վաղուց համադրում են ստեղծագործական եւ գործարար ոլորտները։ Գուցե տարիներ անց հարցազրույց վարենք արդեն ամերիկաբնակ բիզնես լեդի Անահիտ Փոլադովայի հետ։
– Նման հարցը ես դիտարկեցի որպես կանխատեսում եւ թույլ տվեք վստահ բարձրաձայնել՝ հենց այդպես էլ կլինի (ժպտում է- Ս. Դ.)։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2023