Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան մեղադրում եւ զգուշացնում է

Հունիս 28,2023 14:00

Անթաքույց կշտամբանքներ Երեւանի հասցեին

Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը չի կատարում «բարձր մակարդակով» ձեռքբերված պայմանավորվածությունները, ըստ էության, կիսելով պաշտոնական Բաքվի ու Անկարայի տեսակետը, որտեղից պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը խուսափում է պայմանավորվածություններից, ավելին` պաշտոնական Երեւանին մեղադրում են խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ծավալուն անդրադարձ կատարեց ՀՀ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին: «…Որքան էլ թեժ լինեն ներքին քննարկումները` իրականությունը հետեւյալն է. հենց Ռուսաստանն է կարողացել հասնել Ղարաբաղում կրակի դադարեցմանը 2020թ. աշնանը, եւ դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան: Նա նկատել է, թե ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ փնտրելու վրա կամ առնվազն հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրի իրականացման վրա, ապա պաշտոնական Երեւանին խորհուրդ է տվել` չինքնամեկուսանալ եռակողմ ձեւաչափերից: «Նրա գործողություններում պարապուրդը կործանարար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա եւ հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը: Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ լիարժեք ապաշրջափակելու միջանցքը հումանիտար նպատակներով եւ Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երեւանի հետ տարաձայնությունների պատանդը»,- ասել է Զախարովան: Նա կրկին նշել է, որ ակնկալում են, որպեսզի հայկական եւ ադրբեջանական կողմերը կշարունակեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը:

Ինչ վերաբերում է հունիսի 15-ից Արցախի լիակատար շրջափակման փաստին, ապա հնչել է, մեղմ ասած, անհասկանալի մեկնաբանություն: Ռուսաստանը համարում է, որ հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի հետեւանք է: Սա է Մարիա Զախարովայի «բացատրությունը»: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել մեկնարկել սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, եւ որ այդ աշխատանքները պետք է արդյունավետ ընթացք ունենան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իր հերթին պատրաստ է օգնել՝ որոշելու սահմանային գծերը, այդ թվում նրանք, որոնք կռվախնձոր են դարձել սահմանի այդ հատվածում:

Այսինքն, հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ, ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշի «տեղակայումը» տեղի է ունեցել, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռուսական կողմի մասնակցությամբ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը տեղի չի ունեցե՞լ: Եվ այդ պատճառով Ադրբեջանի այս «ազատ» գործելաոճին գնահատական չի տրվո՞ւմ…

Ադրբեջանի տարբեր գործողությունների նկատմամբ Մոսկվայի ցուցաբերած չեզոքությունն ուղղակի ապշեցնող է, օրինակ այս հարցում` եթե Անկարան Շուշիում թուրքական հյուպատոսություն… Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու զգայունությունը, բայց դա երկկողմ հարաբերությունների հարց է: Այնուամենայնիվ, Զախարովան նշել է, որ հյուպատոսություններ բացելու հարցը ցանկացած կետում, մասնավորապես Շուշիում, մնում է երկկողմ հարաբերությունների հարց՝ տվյալ դեպքում՝ Բաքվի ու Անկարայի միջեւ: «Միաժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երեւանի համար: Մեր շփումներում շեշտը դնում ենք այն բանի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել միմյանց շահերը եւ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը»,- նշել է Զախարովան:

Մոսկվան համարում է, որ Արեւմուտքը «հայ- ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստելու անկեղծ ցանկություն չունի»

Անցյալ շաբաթ Մինսկում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս անդրադարձել էր հայ-ադրբեջանական խնդրին եւ շեշտել էր, որ համաձայնությունները հնարավոր են բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման շրջանակներում։ Անդրադառնալով Հարավային Կովկասում Արեւմուտքի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերին՝ Լավրովը նկատել էր. «Մենք դրանցում ոչ այնքան կողմերի միջեւ պայմանավորվածություններ ձեռք բերելուն օգնելու, որքան տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը նսեմացնելու եւ ընդհուպ մինչեւ այստեղ որոշիչ դերակատարություն ստանձնելու փորձեր ենք տեսնում»։

Մյուս կողմից, Լավրովը նշել էր, թե Ռուսաստանը դեմ չէ, որ միջազգային դերակատարները միջնորդական ջանքեր գործադրեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն հավելել էր. «Կարեւորն այն է, որ այդ միջնորդությունը նպատակ ունենա երաշխավորել պայմանավորվածությունները, որոնք հավասարակշռված կարտացոլեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, հայկական ու ադրբեջանական պետությունների շահերը»։ Լավրովն, այնուամենայնիվ, կարծիք էր հայտնել, թե Արեւմուտքը «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստելու անկեղծ ցանկություն չունի», ու հույս էր հայտնել, որ «դա հասկանում են թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում»։ «Ցավոք, ԱՄՆ -ի ու ԵՄ-ի կողմից ձեռնարկվող քայլերում մենք տեսնում ենք ոչ այնքան համաձայնությունների կայացմանը օգնելու, որքան տարածաշրջան ներթափանցելու, ՌԴ-ի օրինական շահերը ետ մղելու ցանկություն»,- հայտարարել էր Լավրովը, հավելելով, թե այդ ջանքերը վկայում են «ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության սահմաններից շատ հեռու գտնվող տարածաշրջաններ ընդարձակվելու Արեւմուտքի նկրտումների մասին»։ «Մեր դաշնակիցները թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում, հուսով եմ, դա հասկանում են, համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ այս ամենը»,- նշել էր ՌԴ արտգործնախարարը։

Փաստացի, Մոսկվան Լավրովի մակարդակով կրկին վերահաստատեց Արեւմուտքի ջանքերով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման ջանքերի վերաբերյալ Մոսկվայի հստակ ու ընդգծված բացասական վերաբերմունքը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կողմերին, հատկապես` Երեւանին հղված ուղերձ` դադարեցնել Արեւմուտքի հովանու ներքո կազմակերպվող բանակցություններին մասնակցությունը:

Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափից դուրս գալը բացասական հետեւանքներ կունենա

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով անցկացված հանդիպման արդյունքում ձեւավորվել է համապարփակ փաստաթուղթ, որը փաստում է՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով, անցյալ շաբաթ հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ «Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածներ կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձեւավորվել են երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ, այս ամենը պետք է ամրագրվի, – ասել է Օվերչուկը՝ շարունակելով,- մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ եւ ապրանքները կտեղաշարժվեն»։

Ռուսաստանի փոխվարչապետը միեւնույն ժամանակ շեշտել է՝ ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը։ «Փաստաթղթի նախագիծը կազմվել եւ գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեեւ դեռ պետք է աշխատել հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաեւին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ եւ ինչ ձեւաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։ Աշխատանքային խմբի վերջին հանդիպումը այս տարվա հունիսի 2-ին էր՝ Մոսկվայում։ Երեւանն ու Մոսկվան կառուցողական որակեցին այն, նշելով՝ «ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցում»։

Հարցին, թե արդյունքներն ամփոփելու ժողովը ե՞րբ է լինելու, Օվերչուկը պատասխանել է. «Այստեղ դեռ անելիքներ կան»։ Օվերչուկի խոսքով՝ գործընթացի վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին, «շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին»։ «Ուստի կողմերը դադարներ են անում, ներգրավում են փորձագետներ, ցանկացած առաջարկ եւ որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ եւ ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջեւ, որոնք, հուսանք, թեւակոխում են հարաբերությունների նոր՝ խաղաղ փուլ», -ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն այլընտրանք չունի։ Բայց սահմանին բախումները դեռ շարունակվում են, մարդիկ են զոհվում։ Նման պայմաններում դժվար է բանակցություններ վարել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ, միեւնույն ժամանակ նշել է Օվերչուկը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի փոխվարչապետը զգուշացրեց` փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափից դուրս գալը բացասական հետեւանքներ կունենա…

Այսպես, Օվերչուկը չի անտեսել Արեւմուտքի ջանքերի թեման: Նրան հարց են ուղղել` արդյո՞ք նկատվում են փորձեր Արեւմուտքի կողմից՝ խոչընդոտելու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը: «Մենք գիտենք, եւ դա երեւում է Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ իր բանակցությունների արդյունքում, որ այդ հանդիպումներում քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Ընդ որում, նշվում է, որ կողմերն առաջընթաց են գրանցել այդ հարցում: Ինչպես դուք հասկանում եք, այդ գործընթացը ձեռք է բերվել Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հարթակում, չնայած հասկանալի է, որ եվրոպացիներն այդ մասին չեն հիշատակի: Բանակցություններում մեր գործընկերները համաձայն են, որ այդ հարթակը, որը ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն, դա ասում են թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը, դա այն տեղն է, որտեղ այսօր ձեռք է բերվել ավելի շատ առաջընթաց եւ այստեղ այսօր նկատվում է արդյունք: Դա իսկապես այդպես է: Վարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափից հրաժարվելը բոլորի համար ակնհայտ բացասական հետեւանքներ կունենա»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930