Ամառային շոգ օրերը թեև հիմնականում ասոցացվում են հանգստի և ուրախ ժամանցի հետ, դրանք նաև որոշակի վտանգներ են թաքցնում հատկապես մի շարք հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Ծայրահեղ շոգը կապվում է սիրտ-անոթային հիվանդությունների և այդ հիվանդություններից մահվան դեպքերի աճի հետ, և շատ կարևոր է իմանալ այն ախտանշանները, որոնք հուշում են օրգանիզմի գերտաքացման և դրա հնարավոր հետևանքների մասին։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ սպասվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում գլոբալ տաքացման ցուցանիշները ռեկորդային մակարդակի կհասնեն, ինքը նշանակում է, որ դեռևս կշարունակի արդիական մնալ վերահսկումն առողջական այն խնդիրների, որոնց վրա կլիմայական փոփոխությունները, հատկապես չափազանց շոգը մեծ ազդեցություն ունեն։
Ջերմային հարվածն առաջանում է, երբ մարմինը գերտաքանում է և չի կարողանում սառչել։ Ըստ մասնագետների՝ կա ջերմային հարվածի երկու տեսակ՝ մի տեսակն անմիջականորեն տապի հետ է կապվում, մյուսը՝ շոգ կամ խոնավ եղանակային պայմաններում ծանրաբեռնված աշխատանքի հետ․ երկուսի ազդեցությունն էլ կարող է ճակատագրական լինել։
Կարդացեք նաև
Առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության ջերմային հարվածը տեղի է ունենում շատ շոգ կամ ոչ այնքան շոգ, բայց 75%-ից բարձր խոնավության պայմաններում գտնվելիս, իսկ ծանրաբեռնվելու դեպքում մարմինը սկսում է ավելի շատ տաքություն արտադրել։
Մարմինը ջերմությունից հիմնականում քրտինքի միջոցով է ազատվում, սակայն երբ տաքությունը չափից ավելի է, օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն ազատվել դրանից, և մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։ Ինչպես ասում է Չիկագոյի համալսարանի շտապ բուժօգնության բաժնի վարիչ, պրոֆեսոր Մայքլ Կուրցը, մարմնի ջերմաստիճանը 41.5° հասնելուց հետո «գլխուղեղում հիմնական քիմիական ռեակցիաները դադարում են, սրտի ռիթմն արագանում է, մարդը սկսում է ավելի արագ շնչել՝ ավելի շատ թթվածնի կարիք ունենալով։ Դա տեղի է ունենում, քանի որ օրգանիզմը փորձում է մեծացնել արյան հոսքը՝ մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար»։ Այդ վիճակը կարող է ազդել նաև մյուս օրգանների վրա՝ համակարգային խնդիրներ առաջացնելով։
Ջերմային հարվածի հետ կապված խնդիրները կարող են աննշանից մինչև ճակատագրական լինել։
Ջերմային հյուծվածության նախանշաններն են գերքրտնարտադրությունը, գունատությունը, մկանային կծկումները, հոգնածությունը, թուլությունը, գլխապտույտը, գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, ուշաթափությունը։ Ջերմային հյուծվածությունը կարող է վերաճել ջերմային հարվածի, եթե խնդիրը հարթելու համար ջանքեր չգործադրվեն։
Ջերմային հարվածը կարող է մարմնի ծայրահեղ բարձր ջերմություն առաջացնել (39.4 C-ից ավելի), ինչպես նաև հաճախասրտություն, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, գիտակցության խանգարում, մաշկի չորություն, քրտնարտադրության բացակայություն և ի վերջո գիտակցության կորուստ։
Բժիշկ Կուրցի խոսքով, ջերմային հարվածի պատճառով մարդը կարող է նաև խոսքի խանգարումներ, վերջույթները շարժելու հետ կապված դժվարություններ ունենալ։ Ինչպես տեսնում ենք, այս ախտանշանները շատ նման են կաթվածի պատճառով առաջացած ախտանշաններին։
«Դա կաթված չէ, բայց ոչ մասնագետի մոտ կարող է կաթվածի տպավորություն թողնել», -ասում է դոկտոր Կուրցը։
Ջերմային հարվածը կանխելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օրվա ցերեկային ժամերին սահմանափակել լարված գործունեությունը դրսում, իսկ ընտրության հնարավորություն չունենալու դեպքում կրել հով և ազատ հագուստ ու գլխարկ, փորձել գտնվել ստվերում ու պարբերաբար ընդմիջումներ կատարել։
Շոգի ազդեցության ներքո գտնվելու դեպքում դոկտոր Կուրցը խորհուրդ է տալիս խուսափել ոգելից խմիչք և կոֆեին օգտագործելուց և նախապատվությունը տալ սովորական ջրին։
Ջերմային հյուծվածությունը կարելի է բուժել տանը․ բավական է ավելի հով միջավայր տեղափոխվել ու խոնավեցնել մարմինը, սակայն ջերմային հարվածի դեպքում ավելի նպատակահարմար է շտապ օգնություն կանչել՝ օրգանների լուրջ վնասվածքներից ու նյարդաբանական անդառնալի խնդիրներից խուսափելու համար։
Նշենք, որ նորածինները, մանկահասակ երեխաներն ու 65 տարեկանից բարձր մեծահասակները ավելի խոցելի են շոգի հետ կապված առողջական խնդիրների նկատմամբ, ուստի ամառային այս օրերին շատ կարևոր է նրանց համար ամռան տապից պաշտպանող պատշաճ միջոցառումների կազմակերպումը։
Ջրազրկման պատճառ հանդիսացող որոշ դեղամիջոցներ և առողջական խնդիրներ նույնպես մեծացնում են շոգի հետ կապված խնդիրների վտանգը։ Օրինակ՝ դիաբետ ունեցող որոշ մարդկանց մոտ կարող են վնասված լինել արյունատար այն անոթներն ու նյարդերը, որոնք ազդում են քրտնագեղձերի վրա, ինչի արդյունքում կարող է խաթարվել մարմնի արյունավետ սառեցումը։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ American Heart Association News