Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան․ «Նախկինում գնված սպառազինությունից բացի իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռաչվերթ ձրի սպառազինություն ենք ձեռք բերել, ներկրել այլ սպառազինության տեսակներ»

Հունիս 27,2023 23:00

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե ինքը բանակի առաջ խնդիր է դրել, որ ասեն ինչ է պետք եւ կունենան, ինչպես ՍՈՒ 30 ՍՄ գերժամանակակից ինքնաթիռները, Սեյրան Օհանյանը ասաց․ «Նախ պետության ղեկավարության պարտականությունն է այդպես վարվել։ Բայց արդյո՞ք այդպես է եղել։ Այսօր իշխանական թեւը մանիպուլացնում է տարբեր հարցեր։

Ասում է․ Նիկոլի ժամանակ գումարային ավելի շատ սպառազինություն է գնվել, քան նախկինում է եղել։ Իսկ արդյո՞ք այդ գումարային տեսքով ձեռք բերված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ապահովել է ամբողջությամբ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման գործընթացը։

Ասեմ, որ նախկինում ձեռք բերված սպառազինությունից բացի՝ այն, ինչ-որ գնվել է, իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռաչվերթ ձրի սպառազինություն ենք ձեռք բերել, տարբեր սպառազինության տեսակներ ենք ներկրել Հայաստան։ Օրինակ, «Իսկանդեր», «Տոչկա Ու», «Սմերչ» համակարգեր։ Իմ ղեկավարության ժամանակ երեք հատ Ս-300 ենք բերել, ինձնից առաջ՝ եւս երեքը եւ ունեցել ենք Ս-300 վեց համակարգ։ Իմ ղեկավարության ժամանակ ինքնաթիռներով 168 միավոր Տ-72 տանկ ենք բերել, 200-ից ավելի հրետանային համակարգեր, ՀՕՊ համակարգեր եւ այլն։

Բայց երկրի ղեկավարության խնդիրը ոչ միայն ասելն է, թե ինչ ուզում եք, ինչ պետք է՝ ներկայացնեք եւ ես այդ հարցը կլուծեմ։ Երկրի ղեկավարության խնդիրն է նաեւ ընկղմվել, տիրապետել ռազմա-քաղաքական իրավիճակին, տիրապետել բանակի իրավիճակին եւ դրանից ելնելով նաեւ որոշումներ ընդունել։ Մեր այսօրվա իշխանությունների խնդիրը կայանում է նրանում, որ իրենք չեն տիրապետում բանակային գործընթացներին, ռազմական խնդիրներին։ Մենք 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահներից սկսած չենք ունեցել որեւէ ղեկավար, նախկին նախագահ, որը խորությամբ չի ընկղմվել ռազմական հարցերի մեջ եւ ինքը որոշիչ դերակատարություն չի ունեցել ռազմական հարցերում։ Ես ինքս մի քանի անգամ տարբեր որոշումներ եմ զեկուցել եւ պաշտպանության նախարար եւ գլխավոր շտաբի պետ եւ Արցախի պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար եղած պաշտոններում։ Եվ ժամերով ես քարտեզի, փաստաթղթերի կամ պարզապես, սեղանի շուրջ ջանացել, քրտնել եմ, մինչեւ որ հիմնավորել եմ իմ որոշումները։

Իսկ իր ներկայության պայմաններում, որ ոչնչի չի տիրապետում եւ չի էլ ուզում տիրապետել, կարող են իրեն մատների վրա պտտեցնել։ Ես չեմ ասում, որ զինվորականներն այդպես վարվել են։ Ոչ։ Ինքը չի խորացել ռազմական խնդիրների մեջ, որպեսզի գործուն աջակցություն ցուցաբերի բանակին։

Այն սպառազինությունը, որ իրենք ձեռք են բերել, 44-օրյա պատերազմում դրանց զգալի մասի գումարները զրոյական նշանակություն են ունեցել։ Իրենք փոխել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը։ Օրինակ, մենք նախատեսել էինք շուրջ 40-50 հազար սաղավարտ ու զրահաբաճկոն գնել, որպեսզի այս պատերազմի ժամանակ չասեր՝ ով տանը չգիտեմ ինչ կաթսա ունի, դրեք գլխներիդ ու գնացեք պատերազմ։ 2016/2020, այնուհետեւ մինչեւ 2024 թվականի փոփոխված նոր ծրագրերում նախատեսված է եղել բավականին մեծ քանակությամբ՝ 500-ից ավելի ԱԹՍ գնել։ Իրենք դա իրականացրե՞լ են, չեն իրականացրել»,- ասաց ռազմական գործիչը նշելով նաեւ այլ փաստեր։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930