Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխի համայնքապետին հեռացրել են. ասում են չի ենթարկվում Արարատի համայնքապետի քմահաճույքներին

Հունիս 27,2023 21:00

Արարատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Ի պատասխան բոլոր այն լրատվամիջոցների, որոնք օրեր շարունակ կեղծ լուրեր են  տարածում Երասխ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանի պաշտոնավարման իրավասությունների դադարեցման հետ կապված՝  պաշտոնապես հայտարարում ենք, որ առաջ քաշված բոլոր կանխավարկածները չեն համապատասխանում իրականությանը։

Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասությունները դադարեցվել են.

Աշխատանքային կարգապահական կանոնները կրկին խախտելու՝ աշխատանքային պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, վարչական ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, պաշտոնական պարտականությունները վերազանցելու համար, ինչպես նաև հաշվի առնելով երկու չմարված կարգապահական տույժերի առկայությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի, 121-րդ հոդվածի 1-ին մասի,

123-րդ հոդվածի և 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով։

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող կեղծ լուրեր տարածելուց»։

Մինչդեռ սահմանապահ Երասխի համայնքապետարանին մոտ կանգնած «Փաստինֆո»-ի աղբյուրի գնահատմամբ՝ Այվազյանի ազատման որոշումը կայացվել է ապօրինաբար։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Արարատի համայնքապետին դուր չի Երասխի համայնքապետի ինքնուրույն գործելու ունակությունները, սրտացավությունը։

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Արարատի համայնքապետարանից, որի մամուլի քարտուղար Շուշան Խանոյանը սահմանափակվեց նշելով թե հեռացման պատճառը եղել է թույլ տրված ենթադրյալ չարաշահումները։ Թե ինչ չարաշահումների մասին է խոսքը՝ համայնքապետարանի ներկայացուցիչը չմանրամասնեց։

«Որոշակի աշխատանքային պարտականությունների չարաշահում ու այդպես… այդ բանով է հիմնավորված։ Կանոնադրությամբ որոշակի աշխատանքային նորմերի խախտման արդյունքում եղել է պաշտոնից ազատումը»,- կարճ պատասխանեց նա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արարատի համայնքապետարանի ներկայացուցիչն այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ խորհրդակցության է։ Խոստացավ հետ զանգահարել ու մանրամասներ հայտնել Այվազյանի կատարած խախտումների մասին, իսկ Երասխի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ համայնքապետից գյուղի բնակիչների շրջանում որևէ դժգոհություն չկա։ Բոլորը նրան հարգանքով են վերաբերվում։

«Եթե հիմա մտնեք գյուղ ու ամեն մեկից կարծիք հարցնեք, չէ՞, որևէ մեկից մի թթու խոսք չեք լսի այդ մարդու մասին։ Մի տարի չկա, ինչ աշխատում է, բայց որևէ սխալ բան չենք տեսել իրենից։ Անկուսակցական է, պատերազմի մասնակից։ Վերջին պատերազմի ժամանակ էլ վիրավորում է ստացել։ Ինչպե՞ս են կարողանում այդպիսի մարդուն այդպիսի մեղադրանքներ ուղղել։ Հիմա պատճառ են բռնել, թե իբր նա չի ենթարկվել իրենց, առանց իրենց թույլտվության մարզից մարզ է տեղափոխվել։ Մի խոսքով, ինչքան շինծու բաներ կան՝ բերել ու օգտագործում են այդ մարդու դեմ։ Բայց դա լրիվ ապօրինություն է։ Իրենց ձեռք չի տվել այդ մարդու պես աշխատողը, որովհետև կատարված սխալները մատնանշում էր ու չէր ենթարկվում էս ոչ բարի քաղաքապետի քմահաճույքներին։ Ինքը շատ սրիկա մարդ է։ Կապ չունի, թե մարդն ինչպես է աշխատում, եթե չի ենթարկվում իրեն՝ հեռացնում է»,- վրդովմունքը հայտնեց Երասխի բնակիչը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930