Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի հ.39 հիմնական դպրոցն այսուհետ կկրի ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը

Հունիս 27,2023 20:15

Համայնքը խստացնում է պահանջները շինհրապարակների կազմակերպման գործում: Ավագանին մի շարք նոր նորմեր սահմանեց: Մասնավորապես, կառուցապատողը շինարարության ողջ ընթացքում շինհրապարակի տարածքում պետք է ապահովի շինարարությանը վերաբերող փաստաթղթերի առկայությունն ու դրանք տեղում ուսումնասիրելու հնարավորությունը, 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում շինարարության ողջ ընթացքում օդի որակի դիտարկման սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ, շինհրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը պետք է մշտապես մաքուր պահի, ինչպես նաև բացառի շինարարական հրապարակի ցանկապատից դուրս շինարարության իրականացումը, շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը, շինհրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար պարտավոր է կազմակերպել դրանց լվացումը շինհրապարակի ելքի հատվածում՝ հատուկ մետաղական կառույցի վրա, և մի շարք այլ պահանջներ: Նորմերը կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից:
***

Երևանի ավագանին սահմանել է համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների կայանման վայրերը: Հարկ է նշել, որ մինչ այժմ տրանսպորտային միջոցների տերերը ձեռնարկատիրական գործունեություն էին իրականացնում հիմնականում զբաղեցնելով ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը»:
***
Ավագանու որոշմամբ Երևանի 2023թ. բյուջեից շուրջ 8 մլրդ-ով ավելացվել են ընթացիկ տարվա հատկացումները: Միջոցները կուղղվեն ոռոգման և կոյուղատար համակարգերի արդիականացմանը, ճանապարհների շինարարությանը, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերմանը, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգմանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգմանը, Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքի բարեկարգմանը, մանկապարտեզների և մարզական օջախների ընթացիկ նորոգմանը, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքի տարբեր վայրերում 20 հորիզոնական վերելակների տեղադրմանը,  շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը:
***

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ. Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց որոշման նախագծին: Կարևորելով Վեհափառի ազգապահպան գործունեությունը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նախագիծը մեծ կարևորություն ունի հայ ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։
***

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցն այսուհետ կկրի հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը՝ հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանի, Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցը՝ հայ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը՝ հայ բարերար Լևոն Հայրապետյանի, Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցը՝  ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի, Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցը՝ հայ հնագետ Եվգենի Բայբուրդյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցը՝ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ու քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի և Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 10-րդ փողոցը՝ հայ եկեղեցական, մշակութային, պետական գործիչ, Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևի   անունները:

***
Երևանի հ.39 հիմնական դպրոցն այսուհետ կկրի ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը: Ավագանին հավանություն տվեց անվանակոչման նախագծին:
***

Հաշվի առնելով աշխատանքի ծավալներն ու կառուցվածքային ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը՝ ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կառուցվածքում: Հարկ է նշել, որ միայն ընթացիկ տարում վարչության ծրագրերով շուրջ 105 նախագիծ է կյանքի կոչվում, ինչն աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար:
***

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության գործունեության ոլորտում համապատասխան ստորաբաժանումներին վերապահված լիազորություններն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու՝ փորձագիտական, տեղեկատվական-խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար քաղաքապետարան ներկայացված հայտերն ուսումնասիրելով՝ մասնագիտական գնահատում, խնդիրների վերաբերյալ համակողմանի քննարկում և դրանց վերլուծության հիման վրա ընդհանուր կարծիքի ձևավորմամբ մասնագիտական եզրակացություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն առավել արագ և թափանցիկ կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետարանում կստեղծվի առանձին գործառույթների իրականացման՝ ճարտարապետներից կազմված խորհրդատուի հինգ հաստիք: Նախագծի հիմնական նպատակն է գլխավոր ճարտարապետի կառույցին  համարժեք նոր կառույց գործարկել, որն էլ կձևավորի Երևանի կերպարը:
***
Այսպիսով, Երևանի ավագանին ամփոփեց 10-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրը 11-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 12-ին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930