Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան․ «Երկրաշարժի, պատերազմի, շրջափակման պայմաններում մենք կամավորական ջոկատներից կանոնավոր բանակ ենք ստեղծել, այս պատերազմում, այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց կամավորական, ֆիդայական ջոկատների»

Հունիս 27,2023 20:03

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ի պաշտպանություն Արցախի ՀՅԴ ԳՄ նախաձեռնած «S.O.S. Արցախ» 24-ժամյա ակցիայի շրջանակներում ՌԴ դեսպանատան մոտ անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմական  իրադարձությունների առնչությամբ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին եւ մեկնաբանություններին՝ ասաց․ «Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ բանակին աջակցելու համար ամենակարեւորը չի իրականացրել։ Ինքը չի կատարել մոբիլիզացիոն խնդիրներ։ Զորահավաքային պատրաստության հիմնական նպատակը պատերազմին զուգահեռ բանակին թիկունք կանգնելն է եւ մոբիլիզացիայով բանակի անընդհատ, նաեւ սանիտարական կորուստների շարունակական համալրում իրականացնելն է։ Սանիտարական կորուստները երկու ուղղությամբ են լինում՝ վերադարձվող, որոնք վիրավորներն են ու թույլ վիրավորները, եւ չվերադարձվող՝ ծանր վիրավորներն ու զոհերն են։ Ինքը բանակը համալրելու ոչինչ չի արել, մոբիլիզացիան չի իրականացրել։

Երկրորդը։ Տարիներով ձեւավորված մոբիլիզացիոն համակարգը իրենք փոխարինել են բանակի համալրման կամավորական ջոկատներով։ Մինչդեռ, կամավորական ջոկատները չունեն այդ պատրաստությունը։ Այսինքն, բանակի կազմավորման սկզբնական շրջանում՝ երկրաշարժի, պատերազմական գործողությունների ժամանակ, շրջափակման պայմաններում մենք կարողացել ենք կամավորական ջոկատներից, ստորաբաժանումներից կանոնավոր բանակ ստեղծել, այս պատերազմի ժամանակ, այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց կամավորական, ֆիդայական ջոկատների։ Դրանով իսկ եւ կառավարումը եւ կանոնավոր որոշումներ ընդունելը եւ մնացած ամեն ինչը հավասարեցրին զրոյի։

Այս իշխանության պայմաններում, ցավալի բան եմ ասում, մենք ունեցել ենք զոհեր։ Բայց այդ զոհերի կեսից շատը կարող էր չլինել։ Իսկ այդ զոհերը եղան, որովհետեւ հետեւություն չէին անում, ժամանակին չէին խրամատավորվում։ Այն տեղերում, որտեղ խորության մեջ բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, պետությունը պարտավոր է ՏԻՄ, տարածքային կառավարման մարմիններով պատերազմի շարժի հետ զուգընթաց բանակի համար ինժեներական-պաշտպանական կառույցներ ստեղծել, ինչը չեն արել։ Այսինքն, բանակի խուսավարումը, քողարկումը եւ բանակի խրամատավորումը ժամանակին չեն իրականացրել։ Դա պետական ու նաեւ ռազմական կառավարման մարդկանց աշխատանքի արդյունքն է։ Այ, սրա պատասխանը թող տա։ Իսկ այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը իրականացնում է քննիչ հանձնաժողովում, հերթական շոուն է։

Եթե մնացած բոլոր պաշտոնատար անձինք փակ, գաղտնի պայմաններում են մասնակցել, պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը արտոնություն ունենա, երբ նա հիմնական պատասխանատուներից մեկն է։ Դա նշանակում է, որ քննիչ հանձնաժողովի այս հարց ու պատասխանը կամ իր բրիֆինգը ոչնչով չի տարբերվում նախկինում տված ասուլիսների, հարցազրույցների, ԱԺ-ում ունեցած տարբեր ելույթների ժամանակ իրականացված իր մանիպուլյացիաներից, մեր հանրությանը սուտը ճշտի տեղը ներկայացնելուց»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930