ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդներ։ Ակումբի սենյակներից մեկում, որը հանդիսացել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում առկա է եղել թմրանյութի նմանվող զանգված, որը դրված է եղել էլեկտրոնային ոսկերչական կշեռքի վրա։ Սենյակում երիտասարդներից մեկի մոտ առկա է եղել ջրի մետաղյա սրվակ՝ թմրանյութի նմանվող զանգվածով:
Ակումբում գտնվող 27 անձ, որոնք հանդիսացել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, թմրանյութ պահելու և իրացնելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով։
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Բան» ակումբում կատարված զննությամբ ակումբի խոհանոցում՝ պայուսակում, հայտնաբերվել է 14 հատ հաբ՝ սպիտակ և վարդագույն երանգների, սենյակներից մեկում հայտնաբերվել է թվային փոքր կշեռք, մի քանի թափանցիկ փաթեթներ՝ լցված սպիտակ կամ դեղնականաչավուն գույնի փոշենման զանգվածներով, «Զիպ» փականով պոլիէթլիենային չօգտագործված փաթեթներ և այլ իրեր։
Կարդացեք նաև
2023 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 05։00-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալվել են ակումբից Ոստիկանություն բերված անձանցից երեքը, մյուսներն ազատ են արձակվել:
Փորձագիտական նախնական եզրակացության համաձայն՝ առգրավված փաթեթներից որոշներում առկա զանգվածները հանդիսացել են ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Հունիսի 25-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին ձերբակալվածներից մեկի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձից իրացնելու նպատակով, ապօրինի առանձնապես խոշոր չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Հունիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը ամբողջությամբ բավարարվել է և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ։
Ձերբակալված մյուս երկու անձինք ևս ազատ են արձակվել։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե