Լրահոս
Օրվա լրահոսը

««Լավրովյան պլանը» մոտավորապես ունենալու էր այն ճարտարապետությունը, ինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2023 19:25

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ներքին անկայուն քաղաքական իրավիճակը արդյոք նպաստե՞լ է նրան, որպեսզի մենք հակառակորդի հետ այս հայտարարության մասով չկարողանանք նույն դիրքերից խոսել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեմոնիզացիան ամենավտանգավոր ու սխալ բանն էր, որ տեղի ունեցավ։ «Ընդ որում, դա սխալ էր մեր ընդդիմության կողմից, որովհետեւ իրենք ասում էին, որ դա ահավոր վատ փաստաթուղթ է, բայց մենք դա չեղարկելու պահանջով հանդես չենք գալիս։ Այսինքն՝ իրենք հավակնում էին իշխանության, եւ հարց էր ծագում, լավ, եթե դուք հասնեք իշխանության, Հայաստանի ստորագրությունը հետ եք կանչելո՞ւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակից։ Պատասխանը հստակ էր՝ ոչ։ Բայց մյուս կողմից դեմոնիզացնելով՝ ներքին առումով իրենք այնպիսի մթնոլորտ ստեղծեցին, որ մեկուսացնեն իշխանությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրող կողմ։

Եվ ստացվեց, որ այն պոտենցիալ բաները, որոնք կարող էին ի շահ օգտագործվել , դրա էմոցիոնալ եւ քաղաքական ռեսուրսը սպառվեց։ Նույն Լեռնային Ղարաբաղ արտահայտությունն Ադրբեջանը հաջորդ օրն անընդհատ տորպեդահարում էր՝ չկա Լեռնային Ղարաբաղ, բայց իրենց ստորագրությունն է դրված։ Շփման գիծ հասկացությունն անընդհատ տորպեդահարում է, Լաչինի միջանցքի հետ կապված էլ չասել։ Եվ սա նաեւ դրա հետեւանք էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո շենք գրավվեց։ Եվ հետագա ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում ընդդիմությունն ասում էր՝ կապիտուլյացիա, կապիտուլյացիա։ Բայց դուք հիմա հավակնում եք իշխանության, որ եկաք իշխանության, չեղարկելո՞ւ եք այդ կապիտուլյացիան, պատասխանը՝ ոչ։ Այսինքն՝ այս քաղաքական տուպիկը ձեւավորվեց»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ «Լավրովյան պլան» հասկացությունը մոտավորապես ունենալու էր այն ճարտարապետությունը, ինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է։ «Ես իմ ելույթում ասել եմ՝ նոյեմբերի 9-ի պարտավորությունների կատարման որակը պատկերացում է տալիս, թե այդ պլանն ընդունելու դեպքում դրա իրագործման ընթացքում ինչ մարտահրավերների առաջ մենք կկանգնեինք՝ սկսած Խծաբերդից, վերջացրած Փառուխով ու Լաչինի միջանցքով»,- նշեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930