Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Հուսով եմ՝ 4-5 տարուց Երեւանի քաղաքապետարանը օնլայն քարտեզներով մարդկանց հստակ ասելու է, թե որ հողամասի վրա ինչ նշանակության շինություն կարող է լինել»

Հունիս 27,2023 19:01

«Այս նախագծի հիմնական իմաստն այն է, որ քաղաքապետարանը փորձում է գլխավոր ճարտարապետի ինստիտուտին համարժեք մի նոր ինստիտուտ գործարկել, որն ավելի կոլեգիալ մարմին է։ Այս անձինք բոլորը ճարտարապետներ են, իրենք,  այդ կոլեգիալ մարմինն է ձեւավորելու Երեւանի դիմագիծը։ Սա շատ կարեւոր որոշում է, որովհետեւ հենց այս մարմինը շատ դեպքերում մեր նախկին քաղաքապետարանի ավելի կոնսերվատիվ մոտեցմանը կարող է ավելի համարձակ իմպուլս տալ»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավագանին այսօր ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է Երեւանի քաղաքապետարանում ստեղծել աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատուի թվով հինգ հաստիք: Հիմնավորման մեջ նշված է, որ այս մարմնի ստեղծման նպատակն է  քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումներին վերապահված լիազորություններն ու գործառույթները արդյունավետ իրականացնելու՝ փորձագիտական, տեղեկատվական-խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար, Երեւանի քաղաքապետարան ներկայացված հայտերն ուսումնասիրելով մասնագիտական գնահատում, հարցերի վերաբերյալ համակողմանի քննարկում եւ դրանց վերլուծության հիման վրա ընդհանուր կարծիքի ձեւավորմամբ մասնագիտական (առաջարկ) եզրակացություն տրամադրելն է, ինչպես նաեւ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի առավել օպերատիվ եւ թափանցիկ իրականացման ապահովման համար։

Ավինյանն անդրադառնալով  հարցին, թե ինչ կարգավորումներ են լինելու  գլխավոր հատակագծի, գոտիավորման, թվայնացման եւ այլ խնդիրների վերաբերյալ, ասաց՝   քաղաքապետարանն ունի այդ ծրագրերը, ունի նաեւ որոշակի ֆինանսավորում դրա համար, որով իրականացվելու են նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները․«Դրա հիման վրա իրականացվելու են հետագա գոտիավորման աշխատանքները, եւ հուսով եմ, որ  4-5 տարի հետո Երեւանի քաղաքապետարանը օնլայն քարտեզներով մարդկանց  հստակ եւ թափանցիկ ասելու է, թե որ հողամասի վրա ինչ նշանակության շինություն կարող է լինել, ինչ խտության եւ ինչ հարկայնության։ Սա քաղաքապետարանի հիմնական նպատակն է։»։

Քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանն ասաց, որ ներկայացված նախագծով փորձում են գլխավոր ճարտարապետի ինստիտուտը փոխարինել կոլիեգիալ մարմնով եւ գլխավոր ճարտարապետի ինստիտուտից զերծ պահել վարչարարական ամենաօրյա թոհուբոհի աշխատանքից, եւ կոլեգիալ մարմնին թողնել միայն բովանդակային քաղաքաշինական եւ ճարտարապետական որոշումները․«Խմբի անդամներին ներգրավում ենք այն աշխատանքում, որը իրապես փոխում է քաղաքի դեմքը»։

Անդրադառնալով նոր գլխավոր հատակագծի իրականացման աշխատանքներին, Մաչյանն ասաց՝  Երեւանի քաղաքապետարանը սկսել է գլխավոր հատակագծի մշակման  համար անհրաժեշտ սկզբնական տեղեկատվության հավաքագրումը պետական եւ մասնավոր կառույցներից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930