Եվրախորհուրդը հրապարակել է անդամ-երկրների քրեակատարողական հիմնարկներում վիճակագրության տարեկան զեկույցը, որում ներառված է 2021թ. հունվարից 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմել է 2120 մարդ։ Այդ ցուցանիշով Հայաստանն ամենաքիչ թվով բանտարկյալներ ունեցող երկրների շարքում է:
Ըստ զեկույցի՝ 2021թ. հունվարի 31-ից 2022թ. հունվարի 31-ը մեկ միլիոն բնակչությունը գերազանցող երկրներում բանտարկության միջին մակարդակն աճել է 2,3%-ով: Ընդ որում, Հայաստանում այդ ցուցանիշն աճել է 7,9%-ով:
1 միլիոն բնակչությունը գերազանցող երկրների բանտերում բանտերի խտությունը ամենացածրը եղել է Բոսնիա և Հերցեգովինայում, իսկ երկրորդ տեղում այդ ցուցանիշով Հայաստանն է (հնարավոր 100 տեղի հաշվարկով 47 բանտարկյալ):
Կարդացեք նաև
Հայաստանում բանտարկյալների միջին տարիքի մասին տեղեկություն չկա: Կին բանտարկյալների ցուցանիշով Հայաստանը վերջին տեղերում է (2.9%)` 62 կին բանտարկյալ: Հայաստանում բանտարկյալների 5%-ը՝ 104 անձ, օտարերկրացիներ են:
Այնուամենայնիվ, Հայաստանը դասվում է այն երկրների շարքում, որտեղ նախադատական կալանքը բարձր տոկոս է կազմում՝ 57%. Հայաստանից բարձր ցուցանիշ ունի միայն Ալբանիան՝ 58%:
Հայաստանը նաև բարձր ցուցանիշ ունի բանտերում ինքնասպանությունների թվով՝ 100 000 բանտարկյալի հաշվով՝ 14.1 մարդ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ