Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում անդրադարձավ այն քննարկումներին, որ 44-օրյա պատերազմի օրերին իր կինը՝ Աննա Հակոբյանն այցելել էր հրամանատարական կետ։
«Կնոջս հետ կապված պատմությունը հետեւյալն է՝ երբ պատերազմը սկսել է, կինս ինձ ասել է, որ երբ այնտեղ պատերազմ է, ես չեմ կարող Երեւանում պարապ մնալ, գնամ այնտեղ, գոնե օգնություն ցույց տալու խնդիր կլինի։ Եվ, բնականաբար, այնտեղ տեղյակ են եղել։ Այդ օրերին ահագին կանայք, երեխաներ լքել էին Ստեփանակերտը։ Եվ իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաեւ մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք։ Այնտեղ կային մարդիկ, ովքեր նկուղներում էին, սննդի խնդիր կար, եւ կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։ Հընթացս նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ շփում է եղել եւ այնտեղ գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի 10 րոպեով գնալ նայել, որպեսզի հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, ովքեր մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ առաջարկ է եղել 15 րոպեով քաղաքավարական այց անել հրամկազմին։ «Այդ քաղաքավարական կազմը եղել է, գնացել է, բարեւել է, ողջունել է, 10-15 րոպե մնացել է այնտեղ եւ դուրս է եկել։ Դրանից հետո, երբ մարտական գործողությունները շարունակվել են, կինս իր նախաձեռնությամբ նաեւ կոչով դիմել է կանանց, ձեւավորվել է կանանց փոքր ջոկատը, որը գնացել եւ Սյունիքի մարզում իրականացրել է մարտական պատրաստություն, որից հետո եղել է մարտական դիրքում, իհարկե, ոչ ամենաառաջին գծում։ Երկրորդ գծում մարտական դիրքում իրականացրել են մարտական հերթապահություն, սա է ամբողջ պատմությունը»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ