Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում անդրադարձավ 2021 թվականի փետրվարի 25-ին զինվորականների արած հայտարարությանը: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ 2021 թվականի փետրվարի 25-ին զինվորականների կազմակերպած քայլն ի՞նչ էր նշանակում, եւ արդյոք դրանում տեսնում է իր կողմից նշված «5-րդ շարասյան» գործունեությունը, որին զոհ գնացին բավականին շատ ազնիվ զինվորականներ։
«Եթե նկատի ունեք, թե արդյոք ես այդ գործընթացների մեջ արտաքին հետք տեսնո՞ւմ եմ, թե՞ չէ, ես կարող եմ ասել, որ այո, որպես վարկած՝ տեսնում եմ։ Եվ նաեւ տեսնում եմ, որ եղել են մարդիկ, ովքեր պահի ազդեցության տակ, հրամանի ազդեցության տակ են գործել։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, եւ զինվորական հրամանատարն ասում է, որ սենց թուղթ կա սեղանին դրված, պետք է ստորագրել։ Ինչքան էլ դա զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, բայց գոյություն ունի զինվորական սուբորդինացիա, հրամանատարն ասում է։ Այս իրավիճակն էլ պետք է հաշվի առնել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք այնուամենայնիվ խաթարել են իմ ասած վստահությունը։ Ես չեմ բացառում, որ վստահության խաթարումը երկուստեք է եղել, բայց ես գիտեմ՝ որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողություններն են եղել, որ պետք է իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից։ Ես չեմ տեսնում իմ կողմից նման գործողություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ