Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյան. «Աշխարհում ընդամենը մի քանի երկիր կա, որոնց սահմանները միջազգային կառույցները կիլոմետրաժներով ճանաչել են»

Հունիս 27,2023 17:45

ՀՅԴ Գերագույն մարմինը 24-ժամյա նստացույց է նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների ու Եվրամիության ներկայացուցչության առջեւ:

Ցույցի մասնակիցները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու ԵՄ-ին, որ նրանք չբավարարվեն զուտ հայտարարություններ անելով, այլ կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից արդեն 199 օր Արցախի Հանրապետության շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ:

Aravot.am-ը Ֆրանսիայի դեսպանատան առջեւ զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի հետ: «Նախագահականի առջեւ ինչ-որ բան կազմակերպելն ընդհանրապես իմաստ չունի, որովհետեւ նախագահականի գոյությունը նման նախագահի պայմաններում արդեն իմաստազրկվում է: Դաշնամուր նվագել, հուղարկավորության եւ թագադրության գնալու համար այդ պոստը պահելը հարկատուների վրա չափազանց թանկ է նստում: Կառավարության առջեւ բազմաթիվ անգամներ ենք ցույց կազմակերպել, իսկ ԱԺ-ում մեր աշխատանքը բոլորի աչքի առջեւ է:

Բայց սկզբունքայնորեն՝ եթե Հայաստանի անունից բանակցողը հայկական շահերը չի հետապնդում, որեւէ բանակցությունից, որեւէ միջնորդական առաքելությունից դրական բան ակնկալել, իհարկե, հնարավոր չէ: Հայաստանի այսօրվա իշխանությունը մեկ առ մեկ կրկնում է ադրբեջանական թեզերը: Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, վերցնենք այսօրվա իշխանության հղումները Ալմա Աթայի հռչակագրին: Ադրբեջանական թեզ է, որ այդ հայտարարությամբ ԱՊՀ երկրները Սովետական Միության վարչական սահմանները ճանաչել են որպես միջազգային սահմաններ: Նման բան գոյություն չունի: Ադրբեջանն է դրա մասին խոսում դեռեւս հակամարտության առաջին օրերից: 2008 թվականին էլ նամակ են ուղարկել ՄԱԿ, երբ քննվում էր Կոսովոյի դեպքը:

Տարածքային ամբողջականության մասին: Աշխարհում ընդամենը մի քանի երկիր կա, որոնց սահմանները միջազգային կառույցները կիլոմետրաժներով ճանաչել են: Օրինակ, Կոնգոյի Հանրապետություն եւ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն, Քուվեյթ եւ Իրաք:

Հայաստանի այսօրվա իշխանությունը առաջինն էր, որ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ: Մեր մյուս բոլոր իշխանությունները ասել են՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը Ադրբեջանի կազմում չէ: Եվ աշխարհն ընկալում էր, որ սա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէ, սա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է: Եվ Հայաստանը Արցախի ինքնորոշման ճանապարհին հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը կրկնում է Ադրբեջանի թեզերը եւ ինքնորոշման վեճը վերածել է տարածքային վեճի:

Կրկնում եմ, քանի դեռ բանակցողը պրոհայկական դիրքերից չի հանդես գալիս, այլ հանդես է գալիս ադրբեջանական դիրքերից, այլոցից շատ բան պահանջել չենք կարող: Բայց միեւնույն ժամանակ, մարդու իրավունքները թե մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայով, թե Փարիզի խարտիայով վերպետական հարցեր են: Եվ երբ խախտվում են մարդու իրավունքները, իսկ այստեղ 120 հազար մարդու, հիվանդի կյանքի, երեխաների՝ ապրելու եւ կրթություն ստանալու իրավունքներն են խախտվում, սա միջազգային հանրությանը իրավունք է տալիս ուղղակի միջամտել եւ գործուն քայլեր ձեռնարկել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930