«Երեւանյան լիճը կանաչել է, ճահճանում է, մամռապատված է, գարշահոտություն է տարածվում»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։
Նա առաջարկեց Գետառի մաքրման կայանը կառուցել այն վայրում, որտեղ Գետառ ու Հրազդան գետերը խաչվում են․ «Այդտեղ կմաքրվեին ու կլցվեին Երեւանյան լիճ։ Սիրուն հանգստյան գոտի են կառուցել, բայց տեսեք, թե ինչ վիճակ է»։
Քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը վստահեցրեց, որ Գետառի մաքրման կայանի կառուցման մրցույթը մեկ անգամ չի կայացել, նորից է դրվել մրցույթի։ Գրիգորյանը վստահեցրեց՝ կայանի կառուցման նախագիծը փորձաքննություն է անցել, նախագծով այդ ամենը հաշվի է առնվել։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ կայանի կառուցման մրցույթի բացումը տեղի կունենա հուլիսի 17-ին․ «Լճի կանաչելու հետ կապված խնդիրը քննարկել ենք։ Ամեն ինչ գալիս ու հանգում է Գետառի մաքրման կայանին։ Առաջնային միջոցառումները պետք է իրականացվեն մաքրման կայանը կառուցելու միջոցով։ Հետագա բոլոր նախագծերը, որոնք կվերաբերեն Երեւանյան լճին եւ այլն, դրանք ավելի մեղմ միջամտություններ են լինելու։ Միայն Երեւանյան լիճը չի բարեկարգվելու, ամբողջական նախագիծ ենք անելու, որը դառնալու է մեկ մեծ հանգստյան գոտի»։
Կարդացեք նաև
Ավագանու անդամն առաջարկեց մեկ կայան էլ Հրազդան գետի մոտ կառուցել, քանի որ, ըստ նրա, Հրազդան գետի ջրերն իրենց մաքրությամբ Գետառից չեն տարբերվում։
Ավինյանն ի պատասխան ասաց՝ այսօր ինչ ասում եք, անում ենք, Հրազդան գետի մաքրման աշխատանքներն այս տարի կազմակերպելու ենք մինչեւ Դավթաշենի կամուրջ, երկու շաբաթից մաքրման աշխատանքները կսկսենք։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ