Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց իրենք դա էլ հերքեցին, ես սուտ դուրս եկա»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2023 17:01
Levon ter-petrosyan

«Նախկինում պաշտոնավարած բոլոր իշխանությունների բոլոր այսօրվա հայտարարություններին եկեք վերաբերվենք վստահությամբ»,- այս մասին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են, որ կային Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներ։ «Շատ լավ, լուծեիք, հիմա ի՞նչ եք եկել բոլորին բացատրում, թե 1993 թվին ինչ պետք է լիներ, 1994 թվին ինչ պետք է լիներ, 2002 թվին ինչ պետք է լիներ, 2007-ին ինչ պետք է լիներ, 2016-ին ինչ պետք է լիներ, նույնիսկ 2018-ին ինչ պետք է լիներ։ Թող լիներ, լուծեիք։ Հիմա ես կարո՞ղ եմ իրենց բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ էդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Վարդան Օսկանյանն այդ հարցի պատասխանը տվեց, ասաց՝ բոլոր տարբերակները կային, բայց լեգիտիմության խնդիր կար։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իշխանություն ունեցող անձնավորություն էր, որը պետք է լուծեր այդ խնդիրը»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես էլ դրա պատասխանն ունեմ՝ իմ վարչապետ դառնալուց հետո ոչ թե սոցիալական ցանցերով գրեիք՝ հողերը տալիս է, Ղարաբաղը տալիս է, գրեիք ասեիք՝ լեգիտիմություն ունես, գնա տուր։ Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էն էլ տուր, էն մեկը տուր, էս մեկը պահիր։ Գրեիք ու հրապարակեիք, զանգեիք, նամակ գրեիք։ Երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել 2018 թվին, հետագայում, երբ հարց եղավ պատերազմից հետո, թե ինքն ի՞նչ է ինձ ասել, ես ասացի՝ ասել է՝ հողերը տուր, իրենք էլ հերքեցին։ Հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ գոնե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր։ Բայց դա էլ հերքեցին իրենք, ես սուտ դուրս եկա։ Հիմա էլ տեսնում ենք, որ իրենք 1997 թվին մի հատ տարբերակ ունեին, որը մի ուրիշ տարբերակ էր։ Շատ լավ, եղբայր, լուծեիք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իմանալով, որ իրենք լեգիտիմ չեն, 30 տարի ժողովրդին կեղծ հույսեր են տվել, քարտեզներ են գծել, իրականության եւ հանրային ակնկալիքների միջեւ մեծ ճեղք են ստեղծել, հետո 2018 թվականին ոչ լեգիտիմության պատճառով կորցրել են իշխանությունը։ «Հետո ասել են՝ մենք 30 տարի ոչ լեգիտիմ ենք եղել, ձեզ բան չենք ասել, ժողովուրդ, բայց իշխանության մնալու համար Ղարաբաղով կեղծ հույսեր ենք տվել, դե վերջում էլ չկարեցանք ձգել, իշխանությունը կորցրինք։ Դե լավ, որ սա եկել է, լեգիտիմ է, էդ սաղ բեռը դնենք ուսերին, թող գնա լուծի։ Ու առաջին օրից էլ ասեն՝ սա տալիս է, հողերը տալիս է, Ղարաբաղը տալիս է, ամեն ինչ տալիս է»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930