Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար

Հունիս 27,2023 16:52

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում սմարթֆոնները ոչ միայն կապի միջոց են, այլև թաքնված տեսախցիկ՝ վայրի կենդանիների անակնկալ այցը ֆիքսելու համար: Ֆերմերների համար սովորական է դարձել տարբեր գյուղերում արջերի անակնկալ հայտնվելը, իսկ բրդոտների համար՝ մարդու միջավայրում սնունդ հայթայթելը: Գյուղացիները գիտակցում են, որ տարիներ առաջ տարբեր հատվածներում իրականացված ծառահատումների, վայրի կենդանիներին ընտելացնելու ոմանց անհաջող փորձերի պատճառով արջերը զրկվել են սնվելու իրենց տարածքից և այժմ փորձում են ներխուժել գյուղեր: Խնդրի կարգավորումը համբերություն, շարունակական ծառատունկեր, արդի տեխնոլոգիաների կիրառում և բնապահպանական  մոտեցմամբ  պայքար է պահանջում:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ստեղծված խնդիրը փորձում են կարգավորել՝ արևային էներգիայով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող շարժական «էլեկտրական հովիվների» օգնությամբ: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում:

Անսովոր հովիվների աշխատանքին սպասել են հատկապես 12 գյուղ միավորող Եղեգիս խոշորացված համայնքում: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե´ մեղվափեթակներ, թե´ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ  «էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլից հետո նույն տարածքում կենդանիների համար խոչընդոտներ են ստեղծվել: Այնտեղ, որտեղ տեղադրվել են շարժական «էլեկտրական հովիվներ», արդյունք կա:

«Կոնկրետ այս էլեկտրական հովիվը, որը տեղադրված է Հերմոն գյուղի վարչական տարածքում, ծածկում է 1 հա տարածք: Այն կանխում է կենդանիների ներխուժումը և թույլ է տալիս խուսափել հնարավոր վնասներից: Այս տարածքում երեք ֆերմեր 180 մեղվափեթակ է պահում: Կարելի է ասել, որ համակարգն ամբողջ հզորությամբ դեռ չի օգտագործվել»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:

«Այնտեղ, որտեղ տեղադրել ենք շարժական «էլեկտրական հովիվներ», բնությունը շատ հարուստ է, մեղրի առատ բերք է խոստանում: Բայց այստեղ շատ են նաև բեզոարյան այծերն ու արջերը: Այծ որսալու համար տարածք ներխուժող արջերը փորձում են նաև մեղր ուտել: Հիմա արջն արահետով գալիս է ջուր խմելու և անցնում է գետը: Անցյալ օրն այդ արահետով եկել է նաև դեպի մեղվափեթակները: Հասել է մեղուներին, կպել էլեկտրական հովվին ու չի կարողացել ներս մտնել: Հավանաբար զայրացել է անհաջող փորձից ու սկսել է այլ սնունդ փնտրել: Գլորել է մեծ քարեր ու կերել մրջնաբները»,- պատմել է մեղվապահ, ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նվիրատվության արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքում ֆերմերային յոթ տնտեսության պահպանման հարց է կարգավորվում:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող ու ապամոնտաժվող ցանկապատից:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ն Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930