«Ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում եւ կոչ են անում, որ Հայաստանի Զինված ուժերը կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»,- այս մասին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կարծում է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ իրեն տված զեկույցը նաեւ այս տեղեկատվության ազդեցությամբ է ձեւավորել։ «Ես անձամբ էդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի։ Միշտ իմ հրահանգը եղել է այն, որ բարձր զգոնություն է պետք ապահովել։ Ես 2020 հուլիսին պաշտպանության նախարարությունում մի խորհրդակցություն եմ արել, որտեղ շատ կարեւոր մի հանձնարարական եմ տվել; Այս կոնտեքստում ինձ համար՝ որպես քաղաքական ղեկավար, որոշակի խնդիր է եղել՝ ես բանակին կոնկրետ հրահանգ տա՞մ՝ այս կամ այն գործողությունն անել, թե՞ ոչ, որովհետեւ եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի։ Բայց իմ քաղաքական հրահանգը եղել է լինել իրավիճակին համարժեք։
2020 թվականի հուլիսին ես ՊՆ-ում հրամկազմի մասնակցությամբ ունեցել եմ խորհրդակցություն, հարցրել եմ՝ հարգելի գործընկերներ, դուք ձեր աշխատանքում, մենք մեր պլաններում ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում մենք գնահատելու ենք, որ վերջ, պատերազմ է լինելու։ Ինձ ասել են՝ այո, կան այդպիսի ինդիկատորներ։ Եվ իմ հրահանգը եղել է միանշանակ՝ անկախ ամեն ինչից, ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորները ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձեւով գործի։ Եվ ես ասել եմ, որ ակնկալում եմ, որ բանակը կգործի բոլոր կարգերով ու պլաններով, ինչը հիմա տեսնում ենք, որ, ցավոք սրտի, տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ