Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն իրականացնելու համար կսահմանվի պետական տուրք՝ տարեկան մեկ միլիոն դրամ. ՏԿԵ փոխնախարար

Հունիս 27,2023 15:16

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունն առաջարկվում է դարձնել ծանուցման ենթակա գործունեություն, որի համար սահմանվել է պետական տուրք՝ տարեկան մեկ միլիոն դրամ արժեքով: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, գործող օրենսդրությամբ, բոլոր տեսակի թեթև մարդատար տրանսպորտային միջոցները պետք է լիցենզավորված լինեն առևտրային տաքսոմոտորային ուղևորափոխադրումներ կատարելու համար, բայց վերջին տարիներին մեծացել է օնլայն հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործընթացը: Այս ոլորտը մնացել է չկանոնակարգված, ուստի առաջարկվում է կանոնակարգել օնլայն հարթակներով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների և վարորդների գործունեությունը:

«Առաջարկվող փաթեթով ամեն ուղևորափոխադրման համար սահմանվում է փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի վճար: Պետական տուրքի հաշվարկումը, գանձումը և փոխանցումը պետական բյուջե, այդ պարտականությունը դրվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ-ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության վրա: Կա ագրեգատոր, որի միջոցով փոխադրողն իրականացնում է ուղևորափոխադրում: Ֆիզիկական անձը, որը պատրաստվում է օնլայն հարթակով փոխադրումներ իրականացնել, պետք է գրանցվի օնլայն հարթակում, իր հերթին օնլայն հարթակը ևս պետք է գրանցված լինի որպես գործունեության ծանուցման ենթակա գործունեություն և տարեկան վճարի պետական տուրք: Ֆիզիկական անձը ևս պետք է վճարի պետական տուրք, այսինքն` պետական տուրքի գանձման սուբյեկտները տարբեր են, բայց հաշվարկման, գանձման, փոխանցման պարտականությունը դրվում է էլեկտրոնային հարթակի վրա, այլ ոչ թե վարորդի»,-տեղեկացրեց Սիմոնյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ, առաջարկվող օրենսդրական նախագծով, տուրքի գանձումը կապված է փոխադրման արժեքի հետ, այլ ոչ թե աշխատաժամանակի: Նա դժվարացավ պատասխանել, թե այժմ էլեկտրոնային հարթակների միջոցով քանի վարորդ է իրականացնում տաքսի ծառայություն, տարբեր գնահատականներով ոլորտում զբաղված են 25-30 հազար ակտիվ գործունեություն իրականացնող վարորդ: Սիմոնյանը վստահեցրեց, որ օրենքն ընդունելուց հետո արդեն հստակ կունենան ուղևորափոխադրում իրականացնողների վիճակագրական պատկերը:

«Քանի որ կարգավորման հիմնական նպատակը ոչ թե հարկելն էր, այլ օրինական դաշտ բերելը, ապա մենք սիմվոլիկ տուրք ենք սահմանել. 2024թ. սեպտեմբերի 1-ից կանխիկ վճարումների դեպքում այն կկազմի 2 տոկոս, անկանխիկի դեպքում ՝ 1,5, յուրաքանչյուր ուղևորափոխադրման դեպքում: 2025թ. հունվարի 1-ից, համապատասխանաբար՝ 3,5 տոկոս և 2,5 տոկոս, իսկ 2026թ. 5 տոկոս՝ կանխիկի և 4 տոկոս անկանխիկ վճարումների դեպքում»,-նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տաքսի ծառայությունների ոլորտի կարգավորման անհրաժեշտությանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930