Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԲ հրամանատարն ասաց՝ Մովսես Գրանտովիչն է խորհուրդ տվել 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2023 15:00

Մովսես Հակոբյանն ի պաշտոնե իրավունք չուներ պատերազմի օրերին գտնվել հրամանատարական կետում։ Այս մասին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե եղել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին գտնվել հրամանատարական կետում։ «Ամենեւին փաստ չէ, որ այն մարդը, ով հրապարակել է այդ տեղեկատվությունը, խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, ինքն այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ։ Ինքն այդ ժամանակ եղել է ՊՆ ռազմական վերահսկողության վարչության պետը։ Եվ ինքն այդ ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ հոկտեմբերի 2-ին կամ 3-ին տեղեկություն է եղել, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ պաշտպանական շրջանից զորքերը դուրս բերել։ «Ես կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ, ինձ ասացին, որ իսկապես այդ որոշումը կա։ Հետո խոսեցի ՊԲ հրամանատարի հետ, ասացի՝ էդ ի՞նչ որոշում է, ի՞նչ պատմություն է։ Ինձ ասվեց, որ դա շատ լուրջ քննարկումների արդյունքում կայացված որոշում է, ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը, ո՞վ է կայացրել։ Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ինձ ասվեց՝ Մովսես Գրանտովիչն է այդ ռեկոմենդացիան տվել։ Ես ասացի՝ Մովսես Գրանտովիչն ի՞նչ գործ ունի այդտեղ, երկրորդ՝ ես Արցախի նախագահի հետ քննարկելով, ասացի՝ այն տեղեկությունը, որը դուք ինձ փոխանցում եք, դա չի հիմնավորում, 7-րդ պաշտպանական շրջանը Լեռնային Ղարաբաղի ամբողջ հյուսիսն է։ Ի պատիվ ԼՂ նախագահի՝ ինքը որոշում կայացրեց, մի խմբով գնաց տեղում իրադրությունը գնահատելու, որովհետեւ այնտեղ գնահատականն այն էր, որ մեր զորքը հայտնվում է շրջափակման մեջ, Մովսես Գրանտովիչն ասում է, որ պետք է 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել։ Այս դրվագը շատ կարեւոր դրվագ է, այդ տարածքը մինչեւ այսօր Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ է։ Արեգասար բարձունքը նույնպես 7-րդ պաշտպանական շրջանում է։ Արեգասարի հետ մենք դրվագ ունենք՝ երբ ադրբեջանցիները գրավում են, մենք տեղում կողմնորոշվելով՝ հակագրոհ են ձեռնարկում եւ հետ ենք վերցնում։ Մեր գեներալներից մեկը գնում ասում է՝ իջեցրեք զորքն այդտեղից, քրեական գործ կա»,- նշեց Փաշինյանը։

Նա հանձնաժողովին հորդորեց ստուգել փաստերը, խուճապ տարածելու մասին բարձրաստիճան զինվորականի դրվագը կարծես թե կապված է 7-րդ պաշտպանական շրջանի դրվագի հետ։ «Էս ի՞նչ պատմություն է 7-րդ պաշտպանական շրջանի շուրջը, մինչեւ հիմա ես պատասխաններ չեմ ստացել»,- նշեց Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Մովսես Գրանտովիչին նորից հրավիրում եմ քննիչ հանձնաժողով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Հ․ Գ․ 168.am–ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին՝ կարճ արձագանքեց։

Նախ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՊՆ-ից կհետաքրքրվի, թե Մովսես Հակոբյանն արդյոք իրավունք ունե՞ր լինելու հրամանատարական բունկերում, և ռազմական դրության ժամանակ իր աշխատավայրում չի եղել, Մ. Հակոբյանն արձագանքեց.

«Թող ճշտի, արդեն վաղուց պետք է ճշտած լիներ։ Դա իր պարտականության առաջին կետերից էր, թե ես որտեղ պետք է լինեի»։

Ինչ վերաբերում է նրա մեկ այլ հայտարարությանը, թե պատերազմի օրերին Մովսես Հակոբյանը որոշում էր կայացրել, որ պետք է էվակուացներ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանը, ինչը կանխել են ինքն ու Արցախի նախագահը, Մովսես Հակոբյանը նկատեց.

«Նիկոլ Փաշինյանին ուղարկեք մանկապարտեզ, թող գնա այնտեղ, նորից սովորելով գա, որպեսզի իմանա, թե ով ինչ իրավունքներ ունի և ինչ հրամաններ տալու իրավասություններ ունի»։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է գնալ քննիչ հանձնաժողով, քանի որ  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ ևս մեկ անգամ հորդորեց, որպեսզի նա գնա այնտեղ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես մանկահասակությունից վաղուց դուրս եմ եկել, կրկեսներ այլևս չեմ գնում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930