2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմի օրերին 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում հակահարձակման ձախողված օպերացիային։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Գլխավոր շտաբի նախկին պետը, խոսելով հակահարձակման հեղինակ Սամվել Բաբայանի հետ, հանձնարարել է Ջալալ Հարությունյանին՝ ուսումնասիրել տեղանքը։ Եթե չեմ սխալվում՝ Օնիկ Գասպարյանն ասաց՝ Ջալալը գնաց, նայեց, ասաց՝ աչքս ուտում է, ոնց որ թե նայվող օպերացիա կարող է ծնվել։ Եվ այդ ժամանակ ռազմական ղեկավարության կողմից դիտվում էր, որ դա իրավիճակ կփոխեր ճակատային այդ հատվածում։ Երբ ստացել է ՊԲ հրամանատարի դրական պատասխանը, նախաձեռնել է հակահարձակումը։ Պարոն Փաշինյան, սա ձեզ զեկուցվել է, կմանրամասնե՞ք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղյակ է հանգամանքների մասին։ Ըստ նրա՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կամ 6-ին եղել է Ստեփանակերտում՝ ՊԲ հրամանատարական կետում։ Այդ ժամանակ արդեն 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի էր ունեցել։ Այնտեղ է եղել նաեւ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ «Ես ասել եմ՝ հարգելի գործընկերներ, իրադրությունը վատ է, վատթարացել է, ի՞նչ առաջարկներ կան, որ կարելի է անել։ ԼՂ ԱԽ քարտուղարը, որը ՊԲ հրամանատար է եղել՝ Սամվել Բաբայանը, հանդես է եկել առաջարկությամբ։ Խոսքը նրա մասին է, որ 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը պետք է վերականգնել։ Ընդ որում, այնտեղ շատ շահարկվում է, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն կորցրել է, պետք է գնալ հետ բերել։ Բացարձակ այդպիսի թեմա չի էլ եղել։ Կարճ քննարկումից հետո ինձ համար կարեւոր է եղել Զինված ուժերի ԳՇ պետի կարծիքը։ Ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, խնդրել եմ, ասել եմ՝ պարոն Բաբայան, ձեր առաջարկը ներկայացրեք։ Օնիկ Գասպարյանն ասել է՝ տրամաբանություն կա մեջը։ Ես ասել եմ՝ բա ո՞նց որոշում կայացնենք՝ անենք դա, թե՞ չանենք։ Ինքն ասել էր, որ ՊԲ հրամանատարը պետք է պլան ձեւավորի եւ ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը։ Ես ասել եմ՝ շատ լավ, երբ կամ դրական, կամ բացասական որոշում կլինի, ինձ տեղեկացրեք։ Դա նշանակում է, որ քաղաքական առումով ես խնդիր չեմ տեսնում, չեմ արգելում դա անել, բայց ռազմական ու զինվորական մասով պետք է ռազմական պաշտոնյաները որոշեն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ արդեն Երեւանում էր, Օնիկ Գասպարյանն ասել է, որ որոշում է կայացվել՝ այդ օպերացիան պետք է իրագործվի։ «Այդ բառապաշարով նաեւ ինձ է ներկայացրել պարոն Գասպարյանը։ Ես չգիտեմ՝ այդ բառն ինչքանով է հասկանալի այլ մարզերի մեր բնակիչներին, բայց Իջեւանում այդպիսի արտահայտություն կա՝ աչքդ ուտում է, թե՞ չի ուտում, ինչը նշանակում է իրատեսական ես համարում, թե՞ ոչ։ Ինքն այդ նույն բառերով ինձ ներկայացրել է, Ջալալ Հարությունյանին ասել է՝ տես աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ, որից հետո Ջալալ Հարությունյանն ասել է՝ այո։ Այդ դրվագով քրեական գործ կա հարուցված, քննություն է իրականացվում, ամենեւին փաստ չէ, որ դա չհիմնավորված, անիրատեսական կամ անտրամաբանական ինչ-որ բան էր»,- հավելեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ