Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ. աշխարհի վաճառված ուրիշ աշխարհը

Հունիս 27,2023 13:31

Ո՞վ է կասկածում, որ «Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում» (Վ․ Հակոբյան)․ Արցախը սկուտեղի վրա նվիրո՞ղը, Արցախում ապրող հայ ժողովրդին թշնամուն նվիրո՞ղը, թե՞ նրան ծափահարողները։

Այսօր, երբ Արցախը յոթ ամիս շրջափակման մեջ է, կարծես շատերի մոտ ոչինչ չի փոխվել։ Մտածում են միայն դատարկությունը դատարկությամբ «լցնելու» մասին։ Ի՞նչ է եղել, կգոյատևեն, էլի, մի օր ճամփեն կբացվի, էն ա՝ սնունդ բան էլ ունեն․ սա երևի նրանց մտքի «ազնվագույն» գոհարներն են, որ երբեմն փորձում են արտահայտել։ Հիմա ո՞վ է որոշում Արցախի ճակատագիրը՝ բո՞մժը, թմրամո՞լը, թե՞․․․ ժողովրդին այսչափ նենգությամբ ատողը։

Իմ բազմաթիվ ընկերների հետ այսօր չենք կարողանում վերադառնալ Արցախ՝ մեր ընտանիքների մոտ, չենք կարողանում մոտիկից զգալ մեր մայրերի ջերմությունը, լսել մեր հայրերի խրատը, լինել մեր հարազատների կողքին։ Այսքանից հետո շունչդ կտրվում է, կարծես օտարանում ես ինքդ քեզանից, սկսում ես հարցնել՝ ո՞րն է ապրելու իմաստը, և արդյոք ապրո՞ւմ ենք։ Բոլոր գիշերները խառը մտքերի հոսք են, չես էլ հասկանում՝ որտեղ ենք գնում այսպես և ե՞րբ է կանգ առնելու այս ամենը։ Չես հասկանում՝ ի՞նչ ճանապարհ գտնես տուն գնալու համար, երբ բոլոր ճանապարհները փակել են։ Պահ է գալիս՝ մտածում ես հիշողությունդ բաց չթողնելու մասին։ Այն հիշողությունը, որ դավադրաբար ուզում են ջնջել, բայց չեն կարող, որովհետև հայն իր արյան մեջ գաղտնագրված ուժի հիշողություն ունի։ Իսկ շատերի հայկական գենի բացակայության փաստի վրա օրեցօր համոզվում եմ։ Նրանք առ այսօր չեն հասկանում, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է ու հայկականության բռունցքը։

Գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հռետորական հարց է հնչեցրել․ «Արցա՛խ, ինչո՞ւ դու եղար իմ հայրենիքը»։ Իսկ այսօր այս հարցը ես էլ եմ կրկնում ու լսում իմ հող հայրենիի լուռ պատասխանը հեռվից՝ որ պայքարես լինելուդ համար։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930