Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կա քրեական գործ, որով բարձրաստիճան սպան խուճապ է տարածել զորքի մեջ, իսկ բարձրաստիճան մի զինվորականը խորհուրդ էր տալիս տարածք հանձնել»․ Փաշինյան

Հունիս 27,2023 13:26

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ըստ քննիչ հանձնաժողովի տիրապետած տեղեկությունների՝ 2019 թվականի մարտի 12-ին ՀՀ եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ դուք գրեթե բաց տեքստով ասել եք՝ մենք գնում ենք դեպի պատերազմ՝ կամ հողերը պիտի հանձնենք ոչնչի դիմաց, կամ կռվենք, որին ի պատասխան` ԶՈւ բարձրագույն ղեկավարության ծանրակշիռ մեծամասնությունը, ինչպես նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծամասնությունը պնդել է, որ պետք է կռվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գրեթե նույնաբովանդակ հարց ու պատասխան հնչել է 2016 թվականին։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա ըստ ձեզ, ո՞րն է եղել ՀՀ ԶՈւ եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նման ոչ իրատեսական պատկերացումների դրդապատճառը»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համատեղ նիստից այդպիսի դրվագ չի հիշում։ «Բայց ես ենթադրում եմ, որ եթե դուք այս հարցը տալիս եք, ուրեմն այդպիսի վկայություն ստացել եք, որ այդպիսի խոսակցություն եղել է։ Եթե պարզվի, որ պատերազմի ընթացքում իրոք եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել, դա իրատեսականության եւ ոչ իրատեսականության վրա կազդի՞, թե՞ չի ազդի։ Այսինքն՝ ես ձեռնպահ կմնայի գնահատական տալուց։

Հաջորդ հարցը հետեւյալն է՝ ընդհանրապես այդ պատերազմում հաջողությունը ֆանտաստիկայի ժանրից էր, թե՞ ֆանտաստիկայի ժանրից չէր։ Եթե, օրինակ, չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի, այո, դա ֆանտաստիկայի ժանրից էր, անիրատեսական էր։ Բայց մենք այսօր քրեական գործեր ունենք, որոնց դրվագներով բաներ են տեղի ունեցել, մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, բայց ինչո՞ւ է տեղի ունեցել, դա չգիտենք։ Օրինակ՝ մենք Ադրբեջանի կողմից ռազմական բարձունքի գրավման, մեր զորքերի կողմից հետ գրավման դեպք ունենք,  եւ մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնել բարձունքը։ Ինչո՞ւ է հնչել այդ հրամանը։

Մենք քրեական գործ ունենք, որն այն մասին է, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել եւ հանձնարարական է տվել, ասել է՝ գնացեք զորքերին ասեք՝ հողերը տված է, քաշվեք, գնացեք այստեղից։

Եվ կան դրվագներ, որոնց անձամբ եմ ես առնչվել, երբ ես ինքս վերջին պահին տեղեկացել եմ մի տարածք հանձնելու որոշման մասին։ Նախ` ես արգելել եմ այդ բանն անել, բայց ամենակարեւորը՝ այդ որոշման խորհուրդը, ընդ որում, ապօրինի միջնորդությամբ, տվել է մի շատ բարձրաստիճան զինվորական, որը հարց է, թե ինչքանով ուներ նման խորհուրդ տալու իրավասություն՝ բունկերում գտնվելով։ Բայց պրոբլեմն այն է, որ այդ տարածքը, որի մասին խոսում եմ, հայկական վերահսկողության ներքո է։ Մարդը զինվորական էր, առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից, բայց այդ տարածքը մինչեւ այսօր հայկական վերահսկողության ներքո է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պատերազմի հետ կապված շատ դրվագներ կան, որոնք իրեն հանգեցրել են վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր։ Այդ վարկածն ամրապնդվել է Սոթք-Խոզնավարի դեպքերի ժամանակ, որով քրեական գործ կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930