Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց նստացույցի էր մասնակցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում, Կոսովոյում օգտագործել է անջատում՝ հանուն փրկության սկզբունքը, Արցախի դեպքում աչք են փակում:
Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ Արցախին կարողանան անարգել դեղորայք, սնունդ մատակարարել:
Նստացույցին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Եվրամիության ներկայացուցչության դիմաց միաժամանակ 24-ժամյա նստացույցի իմաստն է պահանջը՝ վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման եւ ցեղասպանության առջեւ եւ միջազգային հանրությունը շարժվում է զուտ հայտարարություններով: ՌԴ-ից պահանջը հստակ է՝ մենք մեծապես կարեւորում ենք ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում, պետք է քննարկվի նաեւ ժամկետի երկարացման հարցը, բայց մենք պահանջ ունենք նաեւ ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից էլ մենք ունենք ակնկալիք»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, չեն սպասում, որ իրենց ցույցերից անմիջապես հետո ճանապարհները Արցախի բացվելու են, բայց այս ցույցը առնվազն անհրաժեշտություն է. «Վերջին տասը օրվա մեջ Արցախը տոտալ շրջափակման մեջ է ու լուռ հետեւել այս ամեն ինչին, Հայաստանում չլինեն բողոքի ակցիաներ, գործողություններ ու պահանջ միջազգային հանրությունից՝ ընկալելի չէ: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչի ենք ակցիա անում միջազգային կազմակերպությունների դիմաց եւ ոչ կառավարության՝ նախ, դա չի նշանակում, որ մենք բավարարված եք կառավարության քայլերից, կամ մեր նախկին գնահատականների մեջ որեւէ բան փոխվել է: Մենք այս օրի ենք Հայաստանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Դա չի նշանակում, որ մենք ակցիաներ չենք անելու ԱԳՆ-ի, կառավարության դիմաց, որովհետեւ մեր համար ակնհայտ է, քանի դեռ կա օրվա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան իշխանությունը, մեր վիճակը գնալով վատանալու է»:
Իշխան Սաղաթելյանն ասաց, այս իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. «Այս մարդը, որ հայտնվել է իշխանության ղեկին՝ ժողովրդին խաբելով ու մանիպուլացնելով նախընտրական շրջանում, պետք է հասկանա, որ չի մարսելու, թույլ չենք տալու: Մեր բոլորիս խնդիրն է այսօր կանխել մեր երկրի գլխին կանգնած նոր կապիտուլյացիան: Դա կարող ենք կանխել միայն ուժ ցույց տալով, համախմբվելով եւ մեր բարեկամ, ոչ բարեկամ երկրներին հստակ ասելով, որ ինքը լեգիտիմ չի: Խաղաքարտերը խառնելու մենք մի ճանապարհ ունենք՝ դա մեր ժողովուրդն է ու մեր պայքարն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ