2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՍՈւ-30 ինքնաթիռների գնման հարցին։ «Ես՝ որպես վարչապետ, կողմնորոշվել եմ ինստիտուտի տված կարծիքի հիման վրա։ Այսօր կարող էր հնչել՝ մենք վարչապետին ասում էինք՝ ՍՈւ-30 ՍՄ է պետք, գործադիր իշխանությունն ինձ չլսեց, Անդրանիկ Քոչարյանին լսեց»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ռազմական տեխնիկայի գնման պլանը փոխվել է, ՀՕՊ համակարգերի գնումը դուրս է մնացել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ընդհակառակը, պլանով եղել են Տոր համակարգեր, որոնք մենք ձեռք ենք բերել։ Բացի դա, ձեռք ենք բերել ASA AKA համակարգեր, որի շուրջ քննարկումները չեն փակվում։ Բայց 2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք խոցվեց։ Ինչպես ինձ զեկուցվեց, այդ սարքը խոցվել է հենց ASA AKA համակարգերով։ Երբ դա խոցվեց, համաշխարհային սենսացիա էր, թե ինչպես են հայերը կարողացել խոցել Hermes անօդաչու թռչող սարքը։ Այսինքն՝ ես գիտեմ, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պլանում փոփոխություն տեղի չի ունեցել։ Ես նաեւ գրավոր տեղեկանք ունեմ այդ մասին։ Այլ բան, որ բացի նշվածից, այլ ձեռքբերումներ էլ են եղել։
Այլ հարց է, որ ինչ-որ միջոցներ հնարավոր չի եղել ձեռք բերել։ Մենք այսօր էլ ունենք իրավիճակներ, որ նույնիսկ փողը փոխանցել ենք, բայց միջոցը չենք ստացել։ Ուրիշ բան է մեր պլանավորումը, իսկ նա, ով վաճառում է, ասում է՝ ես սա ձեզ կվաճառեմ 2027 թվականին, սա կվաճառեմ՝ 2028 թվականին եւ այլն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ