Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության ձեռքբերման պլանները չեն ձեւախեղվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 27,2023 12:24

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Դուք տեղեկացվել եք բանակցային վիճակի մասին, ի՞նչ քայլեր եք իրականացրել, օրինակ, արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցը քննարկվե՞լ է։ Բանակում սպառազինության ու ինժեներական հանձնարարականներ տրվե՞լ են՝ իմանալով, կանխատեսելով, որ սա կարող է տանել պատերազմի, եթե Ադրբեջանի պահանջը չկատարվի»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց՝ արդյոք բանակի մարտունակության վիճակի մասին եղե՞լ են քննարկումներ։ «Այո, եղել են քննարկումներ, եւ ես մինչեւ ներառյալ 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը, Պաշտպանության բանակն իրենց առջեւ դրված խնդիրը կատարելու են։ Բայց սա արձանագրում չէ, որն ուղղակի ի գիտություն է ընդունվել։ 2018 թվականից հետո ես որդեգրել եմ հետեւյալ քաղաքականությունը՝ ամեն ինչ բանակի համար։ Արդեն 2019 թվականի բանակում էականորեն բարձրացել են պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներ։ Շատ է խոսվում այն մասին, թե իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձեւախեղվել են։ Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռքբերվել։ Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել, որ բացառված է, որ որեւէ մեկը հիշի դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր,այդ խնդիրը չի լուծվել, որովհետեւ կառավարությունը ֆինանսավորում չի տվել։ Բայց շատ խնդիրների լուծումը միայն փողի հետ չէ կապված»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արտաքին քաղաքական վեկտոր փոփոխության հարցը չի քննարկվել։ «Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ առաջին հերթին հենց ԼՂ հակամարտության համատեքստում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Արխիվային լուսանկարում՝ 2019–ի դեկտեմբեր․ ՀՀ զինված ուժերը համալրվել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930