Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ի՞նչ կարող է անել Մակրոնը, եթե մեր Նիկոլ կոչվածը նման հայտարարություն է անում, ես նրան չեմ կարողանում համարել իմ երկրի վարչապետ». Կյուրեղյան

Հունիս 27,2023 12:14

«Մեկ անգամ եւս պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնել, պարտավորեցնել, որ Մինսկի խումբն ունի պարտավորություն՝ տեր կանգնելու Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը եւ հատկապես առաջնային մակարդակում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին, բայց ցավոք, այսօր առաջնային է դարձել արցախահայության գոյության խնդիրը: Վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը պահանջի Ադրբեջանից, որ վերջ տան իրենց ազգակործան, ցեղասպան գործողությանը»,- այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Արմենուհի Կյուրեղյանը համոզված է, որ միջազգային հանրությունը այսպիսի պասիվ դիրքորոշմամբ վնասում է իր հեղինակությանը. «ՌԴ-ն ունի խաղաղապահ գործունեության առաքելություն հենց Արցախում: Ո՞ւր մնաց այդ խաղաղապահ գործունեության առաքելությունը, եթե մենք այսօր նման խնդիրներ ունենք Արցախում»:

Ըստ պատգամավորի, Մինսկի խմբի համանախագահներն ունեն բավարար գործիքակազմ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու ու այդ գործիքները կիրառելու ժամանակն է: Դիտարկմանը, որ առաջ Ֆրանսիան շահագրգռված էր Արցախի հարցի լուծմանը, բայց հիմա իրենք էլ քայլեր չեն անում՝ Կյուրեղյանը արձագանքեց. «Նախ պետք է տվյալ երկրի իշխանությունները անընդհատ հիշեցնեին, որ համանախագահողները կիրառեին գործիքակազմը, բայց, ցավոք, մենք այսօր ունենք իշխանություն, որը հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հասկանո՞ւմ եք, իսկ ի՞նչ կարող է անել Մակրոնը, եթե մեր Նիկոլ կոչվածը նման հայտարարություն է անում, ես նրան չեմ կարողանում համարել իմ երկրի վարչապետ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930