2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «2002 թվականի օգոստոսին Սադարակի մոտ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի դեմ առ դեմ հանդիպումը՝ առանց երրորդ անձի ներկայության, որը տեւել է 4 ժամ 15 րոպե։ Բանակցությունների ավարտից հետո բանակցող կողմերը բանակցությունների բովանդակության մասին որեւէ տեղեկություն հրաժարվել են տալ։ Հարց է առաջանում՝ կա՞ արդյոք բանակցությունների արձանագրությունը, Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հաշվետվություն բանակցությունների պաշտոնական փաստաթղթերի մասին, այդ հանդիպումը որեւէ ձեւ փաստագրվա՞ծ է։ Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, որովհետեւ հիշում ենք, որ հայկական կողմից ԱԱԾ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց կարգավիճակով պայմանավորված՝ իրազեկված են եղել եւ մեծ հավանականությամբ տիրապետել են նշանակալից ինֆորմացիայի, դա ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանն է, որը 2021 թվականին 65 տարեկանում հանկարծամահ է եղել։ Եվ 2022 թվականին 54 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Այդ օրվա բանակցության փաստաթղթերը դուք որեւէ ձեւ տեսե՞լ եք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՊՊԾ երկու պետերի հետ ինքն աշխատել է։ «Եվ ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ Պետական պահպանության ծառայությունն ընդհանրապես բանակցային որեւէ գործընթացից տեղյակ լինելու որեւէ գործառույթ չունի։ Իր գործը լրիվ ուրիշ բան է։ Ես ուզում եմ հետեւյալ մի դրվագը պատմել, որ երբ 2019 թվականի Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ խոսելով՝ գնացինք նույն վերելակով բարձրացանք, դա «վերելակային դիվանագիտություն» ու դավադրություն որակեցին։ Այդ ժամանակ մեզ հետ ներկա երրորդ մարդը Գրիգորի Հայրապետովն էր, չորրորդ մարդու համար այդ վերելակում տեղ չկար պարզապես։ Եվ հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել, որ այդ վերելակում դավադիր խոսակցություն է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ ես արդեն Հայրապետովին ազատել էի աշխատանքից, ես իրենց ասացի՝ այդ խոսակցությանը Գրիգորի Հայրապետովը ներկա է եղել, իրեն հրավիրեք, տեսեք, թե ինչ կարող էր տեղի ունենալ այդ վերելակում։ Այսինքն՝ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ-որ բան խոսես, լսի, բայց բանակցային բովանդակություն, որը փակ սենյակում է տեղի ունենում, Պետական պահպանության ծառայության վրա հույս չպետք է դնել այդ առումով»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանը ներկա մարդիկ են եղել, մասնավորապես, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ 1999 թվականի հուլիսին, Սադարակում։ «Հարությունյանը նաեւ հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակն իրենից հետեւյալն է ներկայացրել՝ Հայաստանին է միացվում նախկին ԼՂ Ինքնավար մարզի ԼՂԻՄ տարածքը եւ Լաչինը՝ որպես ՀՀ եւ Հայաստանի միջեւ միջանցք։ Փոխարենը Հայաստանն Ադրբեջանին է զիջում Մեղրիի շրջանը՝ 1988 թվականի սահմաններով, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջեւանի հետ, սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապն Իրանի հետ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս վկայությունները կան։
Նա նշեց, որ 2000 թվականի հունիսի 2-ին նաեւ «Առավոտ» օրաթերթում հրապարակում է եղել հետեւյալի մասին, որ Վարդան Օսկանյանը 2000 թվականի ապրիլի 25-ին Գլենդեյլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել էր հետեւյալը․ «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ