Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց մենք պետք է հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից»․ Փաշինյան

Հունիս 27,2023 11:40

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Հետհայացք գցելով՝ չե՞ք կարծում, որ դեպի պատերազմ տանող կոնվեյերը կանգնեցնելն անհնար էր, որովհետեւ տարածաշրջանային ուժերին անհրաժեշտ էր այդ պատերազմը, դա իրենց շահերին հասնելու լավագույն միջոցն էր։ Թուրքիային, Ադրբեջանին ձեռնտու էր պատերազմը, Ռուսաստանին՝ նույնպես, որ իր դիրքերն ամրապնդի եւ զորք ունենա, ներքին քաղաքական ուժերին նույնպես, որ Արցախի հարցը կլուծվի, հողերի հետվերադարձը կլինի ոչ իրենց ձեռքով, ինչպես նաեւ դա կբերի իշխանափոխության, ըստ իրենց պատկերացման։ Այսինքն՝ մի կրակոցով երեք նապաստակ, եւ այս ուժերի համախմբման, նրանց շահերի համընկնման պայմաններում չեք կարծո՞ւմ, որ կոնվեյերը կանգնեցնելն անհնար էր, ինչ էլ որ արվեր»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես պետք է շատ անկեղծ լինեմ եւ պարտավոր եմ լինել ուղիղ՝ եւ հանրության, եւ քննիչ հանձնաժողովի առաջ։ Ոչ, չեմ կարծում, եթե մենք չպիտի հրաժարվեինք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։ Այսինքն՝ մենք այդ պահին կարող էինք ասել, որ մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից եւ գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։ Ես տեսնում էի, որ պատերազմի կոնվեյերին հաջորդում են պատերազմի խաչմերուկները։ Օրինակ՝ պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք եւ Կազանում ճշգրտված չէին, եւ հետագայում ավելի պակաս էին ճշգրտված։ Պատերազմի հաջորդ խաչմերուկը Լեռնային Ղարաբաղի այսպես ասած հայ եւ ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր, հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր։ Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծել՝ նման զարգացումներից խուսափելու համար»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Արխիվային լուսանկարում՝ Փաշինյանը 2019 թ․ նոյեմբերին այցելել էր Արցախի ՊԲ հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930