Ո՛չ զինվորականները, ո՛չ բնակչությունը Եվգենի Պրիգոժինի բանակին դիմադրություն ցույց չտվեցին, իսկ երբ Բելառուսի նախագահի ջանքերով նա դադարեցրեց ապստամբությունը եւ դուրս էր գալիս Ռոստովից, քաղաքի բնակիչները ծափահարություններով ու ծաղիկներով էին ճանապարհում «վագներականներին»։ Վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել ենք այս թեմայով։
– Հայաստանում շատերը մեծ հրճվանք էին ապրում Պրիգոժինի առաջխաղացման հետ կապված։ Կային նաեւ հակառակ կարծիքներ՝ որ ուժեղ Ռուսաստան՝ նշանակում է ուժեղ Հայաստան։ Ի՞նչ կլիներ, եթե բունտը հաջողություն ունենար։
– Եթե Պրիգոժինը հաղթեր, նրանք կվերացնեին ամբողջ Անդրկովկասը։ Ինչո՞ւմ է հրճվանքը։ Ես ձեզ մի բան կասեմ։ Սա օլիգարխիկ կառավարման հետեւանքն է՝ որպես 90-ականների եւ 2000-ականների ժառանգություն։ Բայց այն ժամանակ նման բունտ հնարավոր չէր, պետք էր հենվել անձնապես ստուգված, վստահելի անձանց վրա, եւ Պրիգոժինը հայտնվեց նրանց թվում։ Իսկ հետո, ինչպես ասում են, մարդու «կռիշը խփեց», նա իրեն երեւակայեց Ռուսաստանի ստվերային կառավարիչ, եւ մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Սա դասական ժանր է, ցավոք։ Իրավիճակը հանգուցալուծվեց, բայց բանն այն է, որ «Վագները» շատ լուրջ, հայրենասիրական կառույց է, նրանք փայլուն մարտնչում էին ուկրաինական ռազմաճակատում, եւ հնարավոր չէ նրանց մեղադրել դավաճանության մեջ։ Սա տիպիկ միջանձնային «ռազբորկա» էր։
– Ինչո՞ւ ոչ մի դիմադրություն չեղավ Պրիգոժինին։
Կարդացեք նաև
– Բայց ինչի՞ն դիմադրեին։ Սա ընդամենը հաշիվներ պարզել էր՝ մի քանի հոգու միջեւ։ Նա դուրս չէր եկել Ռուսաստանի դեմ, համակարգի դեմ։ Պրիգոժինը յուրային է, նրանք բոլորը յուրայիններ են, свои люди, հասկանո՞ւմ եք, նրանք բոլորը պատրիոտներ են։ Ի՞նչ պետք է անեին Ռոստովում, յուրայինների՞ն ծեծեին, մերոնց վրա՞ հարձակվեին կամ իրենք իրենց շենքե՞րը գրավեին։ Նման բան մտածելը հիմարություն է։ Պրիգոժինն իր տարածքում էր, ի՞նչ դիմադրության մասին կարող էր խոսք գնալ։ Նրա պահանջները վերաբերում էին միայն երկու պաշտոնի, դրանք անձնական բնույթի էին։ Ողբերգությունն այն է, որ անձնական հարցերը, ներքին գզվռտոցը լուծելու համար նա օգտագործեց ուժային ռեսուրսը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: