Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն մեր տարածաշրջանում ունի ամենամեծ գործիքակազմը, ՌԴ-ն է այստեղ, որ հստակ քայլեր պետք է իրականացնի՝ ապաշրջափակման համար». Աննա Գրիգորյան

Հունիս 27,2023 11:19

Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ «SOS Artsakh» խորագրով նստացույցի մասնակիցները «Սա ցեղասպանության շարունակությունն է», «No more excuses. Action. Save 120.000 lives» եւ այլ ցուցապաստառներով առավոտյան 8:30-ից դեսպանատների մոտ են:

ՌԴ դեսպանատան մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող եք ունենալ միջազգային հանրությունից, երբ Հաագայի դատարանի վճիռը մինչ օրս իրականացված չէ՝ պատասխանեց. «Իհարկե, իրականացված չէ, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստենք եւ չշարունակենք վճռական քայլեր իրականացնել: Մեր պահանջն այն է, որ հայտարարություններից, հորդորներից զատ՝ նաեւ գործուն քայլեր իրականացնեն, որպեսզի Ադրբեջանը դադարի էթնիկ զտումների այն քաղաքականությունը, որն իրականացնում է ամիսներ շարունակ:

ՌԴ դեսպանատան մոտ ենք՝ հստակ պահանջով, որ լինելով նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, միջնորդ, ստորագրող կողմերից մեկը՝ ավելի հստակ, գործուն եւ բոլոր հնարավոր քայլերն իրականացնի՝ Լաչինի միջանցքը բացելու: Ի վերջո, հասկանալի է, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում ունի ամենամեծ գործիքակազմը՝ ռազմական, դիվանագիտական, հետեւաբար ՌԴ-ն է այստեղ, որ հստակ քայլեր պետք է իրականացնի՝ ապաշրջափակման համար:

Պետք է կոչերից զատ լինեն պատժամիջոցներ, բայց ցավոք, մենք ականատես ենք լինում, որ ոչ միայն պատժամիջոցներ չեն կիրառում, այլ ավելի խորացվում է համագործակցությունը: Ու դա վերաբերում է միջազգային հանրության բոլոր դերակատարներին: Տեսեք ԵՄ-ն ինչպիսի համագործակցություն ունի Ադրբեջանի հետ գազային անվտանգության տեսանկյունից, նաեւ ՌԴ-ն: Որեւէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում, մեր կոչն է ոչ միայն արձանագրեք, այլ քայլեր ձեռնարկեք նախ կանխելու, հետո նաեւ պատժելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930