Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչ հանձնաժողովն է, որ ինձ ստիպել է այդ ամենն ասել»․ Նիկոլ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին

Հունիս 27,2023 11:06

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ բանակցային գործընթացի վերաբերյալ մանրամասները չէր ներկայացնում ավելի վաղ՝ 2018-2019 թվականներին։

«2018-2019 թվականներին իմ առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով եւ հնարավորություններով։ Հարցը, կարծում եմ, լեգիտիմ է՝ իսկ ինչո՞ւ 2019 թվականին այս ամենի մասին հրապարակային չի խոսվել այս ձեւով։ Եթե հարց է հնչում, թե ինչո՞ւ ամբողջական չի ասվել 2019 թվականին, կա հետեւյալ երկու հարցը՝ իսկ որո՞նք էին լինելու այդ ասելիքն ասելու հետեւանքները եւ արդյունքները։ Եվ հաջորդ հարցը հետեւյալն է՝ ո՞րն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո։ Եվ այդ պոտենցիալ ասելիքի եւ անելիքի հետ ես ինքս ինչքանո՞վ էի ներդաշնակ։ Ուրիշ բան է տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է ներդաշնակվել, համաձայնել այդ իրողության հետ կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Ես համարում եմ, որ այդ հարցը լեգիտիմ է, այդ նույն հարցը ես ինքս էլ եմ շատ հաճախ ինձ տալիս, եւ ահա իմ մտածումներն այս երկու եզրի մեջ են։ Ո՞րն էր լինելու այդ ասելիքն ասելու հետեւանքը, այդ ասելիքն ասելու հետեւանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Դա, ըստ էության, ընթացող կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը բովանդակային բացելն էր՝ դրա ներքին, տարածաշրջանային, միջազգային հետեւանքները»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չէ, բայց նաեւ ժամանակի ընթացքում եկել է եզրակացության, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի, ընդ որում, քննիչ հանձնաժողովում։ «Ես վստահ չեմ, որ եթե քննիչ հանձնաժողովը չլիներ, արդյոք ես այս ամենի մասին այսպիսի համապարփակությամբ կխոսեի՞։ Քննիչ հանձնաժողովը մի ֆորմատ է, հենց ինքը դրա համար է, որ պետք է ասելիքն ասվի, թե ինչքանով ես դու դրա հետ ներդաշնակ։ Ուրիշ բան է, որ ձեւավորվել է հանձնաժողով, որը հրավիրում է պաշտոնյային, ասում է՝ մեզ հետաքրքրում են այս-այս հարցերը, պատասխանեք այս հարցերին, ուրիշ բան է, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան, կառավարության, երկրի ղեկավարը կանգնում է ու ասում՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք, իրողությունը սա է։ Բա հետո՞։ Այսինքն՝ այս ասելիքը ամբողջական հնչել է այսօր՝ քննիչ հանձնաժողովում։ Կտոր-կտոր տարբեր առիթներով, որոշակի զգուշավորությամբ ասել եմ այս ամենը։

Իմ նախորդ ելույթում 80 տոկոսով նորություն չկար, 20 տոկոսով կար շատ էական ու կարեւոր նորություն, բայց եթե քննիչ հանձնաժողովը չլիներ․․․ Քննիչ հանձնաժողովն է, որ ինձ ստիպել է, որ այդ ամենն ասեմ։ Ես չեմ կարող գալ քննիչ հանձնաժողովում դիվանագիտական ձեւակերպումներ անել, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։ Քննիչ հանձնաժողովում պետք է գալ ու պատմել ամեն ինչ։ Քննիչ հանձնաժողովն այն տեղը չէ, որ պետք է մանեւրել։ Գուցե այն ժամանակ տեսական հնարավորություն կար, եթե մտածեինք քննիչ հանձնաժողով ձեւավորել բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց արդեն անցյալ է»,- հավելեց նա։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հարցրեց․ «2019 թվականին դուք տիրապետո՞ւմ էիք այն ծավալով, որը ներկայացրեցիք այստեղ։ Այսինքն՝ ձեզ համար պա՞րզ էր, որ փակուղի է գնացել, այդ ժամանակ արդեն պա՞րզ էր՝ ո՞ւր է գնալու»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Առաջին բանը, որ ես արել եմ 2018 թվականին, ըստ էության ուսումնասիրել եմ նախորդ շրջանի բանակցային գործընթացը։ Ես ուզում եմ 2019 թվականի իմ ամբողջ ըմբռնումը ներկայացնել։ 2007 թվականին ունենք Մադրիդյան սկզբունքներ, եւ մենք ունենք «երեք սկզբունք, վեց տարր» հայտնի բանաձեւը։ Եվ սկսվում է Կազանյան գործընթացը, համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ երջանկությամբ, բայց պատրաստ է ստորագրել։ Ադրբեջանական կողմը մերժում է, համաձայնեցված միջազգային ֆորմատով փաստաթղթի ստորագրումը մերժում է։ Եվ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում, Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, ընդհակառակը, հաջողությամբ զենքի գնումներ է իրականացնում ոչ միայն ավանդական երկրներից, այլ նաեւ Կազանի հիմնական միջնորդից, որից հետո սկսվում էսկալացիոն գործընթացը։

Դրանից հետո տեղի է ունենում բանակցային գործընթացի փոփոխություն, որին հայկական կողմը բացասական է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում։ Այսինքն՝ իմ առաջին ընկալումը հետեւյալն էր՝ եթե բանակցային սեղանի շուրջ ներկա է սուբյեկտ, որը կարող է ասել «ոչ» եւ ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ եւ դրա արդյունքում հակահարված չստանալ միջազգային հանրությունից, եւ բանակցային սեղանի շուրջ նստած է երկրորդ սուբյեկտը, որը որոշակի դժգոհություն է արտահայտում, նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն։ Ահա այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցություններն, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007 թվականին։

2019 թվականին ես բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր։ Ես ասում էի, որ սա պատերազմական կոնվեյեր է, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է՝ բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես դա կստանամ պատերազմով։ Իմ խնդիրը հետեւյալն է եղել, թե ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են այս կոնվեյերը կանգնեցնել, ինչպե՞ս է հնարավոր այս կոնվեյերը կանգնեցնել։ Եվ ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930