Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ հորդորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ԵՄ-ին չբավարարվել հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ «SOS Artsakh» խորագրով նստացույցը մեկնարկեց առավոտյան 08։30-ից:
ՌԴ դեսպանատան մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր: Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՀՀ վարչապետը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահը, բոլորը Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում ու այս համատեքստում աշխարհից ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ է սա նշանակում՝ պատասխանեց. «Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ-ը ու մնացած ԱԽՔ-երը հայ ժողովուրդ չեն ու չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը: Չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրավունք հայ ժողովրդի անունից նման դավաճանական հայտարարություններ անել: Այսօր տարբեր դեսպանատների մոտ դա բարձրաձայնելը նաեւ դրա վկայությունն է՝ միջազգային հանրությանը իրական գործողությունների մղելու: ՌԴ-ն, որը նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, նրա խաղաղապահ ներկայությունն այսօր ցավոք միակ անվտանգային երաշխիքն է, առաջիկա տարիներին էլ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց երբ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, Ռուսաստանը պետք է շատ ավելի կտրուկ գործողությունների դիմի՝ այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախի շրջափակումը վերացնելու համար: Այսօրվա ՌԴ դեսպանատան մոտ նախաձեռնությունը դրա համար է»:
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ժողովրդի այս պահանջը փոխանցելով ՌԴ դեսպանատանը՝ հույս ունեն, որ այն կհասնի Մոսկվա. «Սա պահանջ է, այսօր Արցախը, ինչպես ժամանակին Լենինգրադը, բլոկադայի մեջ է եւ այդ բլոկադան պետք է ամեն կերպ ճնշվի»:
Պատգամավորը նաեւ նշեց, որ տարիներ շարունակ հայ հասարակությանը թշնամական որդի պես կրծել է այն, թե «Արցախը տանք, հանգիստ ապրենք». «Կյանքը ցույց տվեց, որ թշնամին որեւէ բանի առաջ չի կանգնելու, Արցախին հաջորդելու է Սյունիքը, Գեղարքունիքը, Երեւանը, Երեւանի կենտրոնը, կառավարության շենքն ու Կոնդի առանձնատները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ