«Կա վարկած, որի հիմնավորումները նաեւ հրապարակային են, որ 1999 թվականի իրադարձությունները՝ Հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման այդ հայեցակարգի հետ»,- այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանձնաժողովի նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հարցերին։
Ըստ նրա՝ սա վարկած է, որը մինչեւ օրս քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ։
«Հաջորդ գործոնը՝ տնտեսական եւ դեմոգրաֆիական գործոնն է։ Ի՞նչ հանգամանքի վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ 1994 թվականին, երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել է։ Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, իսկ Հայաստանի բնակչությունը էական նվազեց։ Այստեղ հաղթանակի եւ մարդու հարաբերության շատ կարեւոր խնդիր կա դրված, որը վստահ չեմ, թե այս ֆորմատում քննարկելու առարկա է։ Ո՞ւմ համար է հաղթանակը եւ ո՞ւմ համար էր հաղթանակը։ Այսինքն՝ ինչո՞ւ այդ հաղթանակի արդյունքում Հայաստանի բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ Հայաստանի տնտեսությունը չկարողացավ հաղթել Ադրբեջանին։ Եվ սա ուղիղ կապ ունի անվտանգության եւ ռազմական բյուջեների հետ։ Նաեւ գիտենք, որ 1997-98 թվականներին ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը եւ հարցը ներքաղաքական շատ էական ազդեցություն է ունեցել առնվազն ֆորմալ տեսանկյունից, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականը պատճառաբանել է ԼՂ հարցի շուրջ ունեցած հայեցակարգային տարբերություններով»,- հավելեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվային լուսանկարում՝ վարչապետը հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին