Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղ զրոյական արդյունքով

Հունիս 27,2023 10:00

Արցախի մեր 120 հազար հայրենակիցներն ամբողջական շրջափակման մեջ են. արդեն 10 օր է՝ Բերձորի միջանցքով չի անցել որեւէ բեռնատար սննդամթերքով, դեղորայքով կամ որեւէ այլ անհրաժեշտ բեռով: Արդյոք այդ հարցը հուզո՞ւմ է Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին: Կարծես թե, ոչ: Ենթադրենք, ՔՊ-ականները կարծում են, որ Արցախի հայերը պետք է մեր պետությանը հետաքրքրեն նույնքան, որքան մնացած հայ համայնքները՝ օրինակ, Ջավախքում կամ Գլենդեյլում: Բայց չէ՞ որ խորհրդարանական ընդդիմությունը, որքան հասկանում եմ, այդպես չի մտածում: Ի՞նչն է հապա պատճառը, որ նրանք ՔՊ-ականների հետ միասին զբաղված են նույն գործով՝ իրենց մանր եւ անիմաստ կռիվների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելով: Ո՞րն է իրար երեսի վիրավորական, նվաստացուցիչ բառեր շպրտելու իմաստը: Հանդիսատեսի ծափահարություններին արժանանա՞լը: Հակառակորդին «բարոյապես ոչնչացնող» փայլուն հռետոր երեւա՞լը:

Ճիշտն ասած, դժվարանում եմ «ինքնահաստատվող տղաների» վարքի անմիջական, «մարտավարական» բացատրությունը գտնել: Փոխարենը կարող եմ հաստատ նշել այդ վարքի ծագումնաբանությունը: Այն հակիրճ կարելի է բնութագրել որպես zero sum game` խաղ զրոյական արդյունքով: Այդ խաղի նշանաբանն է՝ կա՛մ մենք ձեզ ոչնչացնելու ենք, կամ երկիրը կործանվելու է: Այդ մոտեցումն ընդհանրապես հատուկ է մեր քաղաքական մշակույթին: Ես կարող եմ նշել հատուկենտ ընդդիմադիր խմբակցություններ, որոնք Հայաստանի պառլամենտարիզմի պատմության ընթացքում այդպես չէին աշխատում: Դրանք «Ժառանգությունն» ու «Լուսավոր Հայաստանն» էին՝ իրենց լավագույն տարիներին, որոնք, ցավոք, արդեն անցել են:

Երկու տարի առաջ տեղի ունեցած ընտրություններն ամբողջապես այդ «զրոյական խաղի» ավանդույթների մեջ էին տեղավորվում, ավելին՝ այդ ավանդույթի ծայրահեղ դրսեւորումներն էին: Ընտրարշավի ժամանակ վարչապետի իշխանության թեկնածուն մուրճ էր թափահարում, ՔՊ-ականները գոռում էին՝ «վերջ թավիշին» եւ սպառնում էին բոլոր հակահեղափոխականներին «կզցնել»: Իշխանության ընդդիմադիր թեկնածուն խոստանում էր «մինչեւ քոքը մաշեցնել» հակառակորդներին: Այդ ընտրարշավում Արցախի թեման երկրորդական էր:

Ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց այդ, ըստ էության, երկու ուժերին: Եվ հիմա խորհրդարանի իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորներն անում են այն, ինչ խոստացել են իրենց ընտրողներին: Մի կողմից՝ վրեժխնդիր լինել «թալանչիներից», մյուս կողմից՝ պատժել դավաճաններին:

Երբ են քաղաքացիները հագեցնելու իրենց այդ կրքերը, երբ են հոգնելու այդ ներկայացումից, դժվար է ասել: Հոգնածության որոշակի նշաններ ես, այնուամենայնիվ, զգում եմ: Բայց քանի հասարակության ակտիվ մասն այդ երկու ուժերին չի ասել՝ «ոչ», նրանք շարունակելու են խաղալ զրոյական արդյունքով իրենց խաղը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930