Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դեպքերում է մեզի մեջ արյուն նկատվում

Հունիս 27,2023 09:30

Եթե մեզի մեջ արյուն է նկատվում, դա կարող է հուշել ինչպես թեթև, այնպես էլ բավականին լուրջ առողջական խնդրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, մարդը կարող է և չիմանալ, որ իր մեզի մեջ արյուն կա, քանի որ երբեմն այն այնքան քիչ է լինում, որ կարող է հայտնաբերվել միայն մանրադիտակով ուսումնասիրվելու դեպքում։ Մեծամասամբ մեզի մեջ արյան առկայությունն անվնաս է, սակայն որոշ դեպքերում այն կարող է վտանգավոր հիվանդության ախտանշան լինել․ ահա թե ինչու է հարկավոր դիմել բժշկին, եթե մեզի մեջ արյուն եք նկատում։

Մեզի մեջ արյան առկայության տարածված պատճառներն են՝ 

Միզուղիների ինֆեկցիաներ

Մեզի մեջ արյուն կարող է լինել միզուղիների վարակների պատճառով։ Դա տեղի է ունենում, երբ մանրէները վնասում են օրգանիզմի այն հատվածները, որոնք պատասխանատու են մեզի արտադրման և պահպանման համար՝ միզապարկն ու միզուկը։ Սովորաբար այդ վիճակը «ցիստիտ» են անվանում։ Մեզի մեջ արյունից բացի միզուղիների ինֆեկցիաները կարող են դրսևորվել հաճախ միզելու ցանկությամբ, այրոցով կամ ցավային զգացողություններով որովայնի, աճուկի ու միզասեռական օրգանների շրջանում։ Ավելի մեծ տարիքում միզուղիների վարակները կարող են անախտանիշ ընթանալ։ Այդ վարակները բավականին տարածված են և բուժվում են հակաբիոտիկների օգնությամբ։

Երիկամների վարակներ

Միզուղիների ինֆեկցիաները, բարձրանալով վերև, կարող են ախտահարել նաև երիկամները, և այդ դեպքում ևս մեզի մեջ կարող է արյուն նկատվել։ Ախտանշանները նման են, սակայն երիկամների վարակների դեպքում հնարավոր է նաև ջերմության բարձրացում, գոտկատեղի ցավ, հաճախամիզություն և այլն։ Այդ վիճակն անվանում են «պիելոնեֆրիտ», և դա ավելի լուրջ խնդիր է, որն անհրաժեշտ է անհապաղ բուժել։ 

Երիկամների բորբոքում

Երիկամների բորբոքումը կարող է բարդացնել երիկամների օգնությամբ օրգանիզմից թափոնների դուրսբերումն ու հանգեցնել արյունոտ մեզի առաջացման։ «Գլոմերուլոնեֆրիտ» եզրույթով բնորոշվող այդ վիճակը կարող է վնասել երիկամները՝ ախտահարելով կծիկներն ու մանր անոթները և խաթարելով երիկամների գործառույթը։ Այդ խնդիրը կարող է անախտանիշ ընթանալ և հայտնաբերվել պատահաբար՝ մեզի անալիզի միջոցով։ Այս խնդրի դեպքում մեզը կարող է արյունոտ լինել կամ փրփրուն և շագանակագույն երանգի։ Կարող է նաև նկատվել դեմքի, ոտքերի, որովայնի այտուցվածություն։

Երիկամային քարեր

Երիկամային քարերը նույնպես կարող են մեզի մեջ արյան հայտնվելու պատճառ դառնալ։ Երիկամային քարերը սովորաբար ձևավորվում են օրգանիզմում կալցիումի ու այլ հանքանյութերի կուտակման արդյունքում։ Դրանք, մեծանալով, կարող են ուժգին ցավեր առաջացնել հատկապես ազդրերի ու կողերի շրջանում։ Մեզի մեջ արյունից բացի կարող են քարի փոքրիկ կտորներ նկատվել, որոնք իրենք իրենց դուրս են գալիս, իսկ ավելի խոշորների դեպքում կարող է առաջանալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն։ 

Երիկամների պոլիկիստոզ

Մեզի մեջ արյան առկայությունը երիկամների պոլիկիստոզի ախտանշաններից մեկն է։ Այն ժառանգական հիվանդություն է, որի դեպքում երիկամների վրա առաջանում են հեղուկով լցված մանր կիստաներ, որոնք կարող են վնասել օրգաններն ու մեզի մեջ արյան առաջացման պատճառ դառնալ։ Մարդկանց մեծամասնության մոտ ախտանշանները բացակայում են մինչև 30-40 տարեկան։ Հիվանդության նախանշաններն են որովայնի մեծացումը, մեջքի և կողքի ցավը, կարող է առաջանալ զարկերակային բարձր ճնշում, ցավ կրծքավանդակում և այլն։

Գենետիկ հիվանդություններ

Ժառանգական  հիվանդությունները նույնպես կարող են կապված լինել մեզի մեջ արյան դրսևորումների հետ։ Երիկամների պոլիկիստոզը ժառանգական միակ հիվանդությունը չէ, որի դեպքում արյունը հայտնվում է մեզի մեջ։ Մանգաղաձև բջջային սակավարյունությունը, հեմոֆիլիան կամ Ալպորտի համախտանիշը (նեֆրիտ ժառանգական), որն ազդում է աչքերի, ականջների և երիկամների վրա, նույնպես կարող են արյունոտ մեզի պատճառ դառնալ: Երբեմն այս ախտանշանը կարող է ժառանգաբար փոխանցվել՝ առանց ակնհայտ պատճառի։ Այդ դեպքում գուցե և բուժման անհրաժեշտություն չառաջանա։ 

Ծանր մարզումներ

Շատ ծանր մարզումները կարող են մեզի մեջ արյան հայտնվելու պատճառ դառնալ։ Դա առավել շատ հանդիպում է վազորդների մոտ։ Բժիշկներին հայտնի չէ դրա հիմնական պատճառը․ դա կարող է լինել ջրազրկման, միզապարկի վնասման կամ էրիթրոցիտների մեծ քանակությամբ ճեղքման արդյունքում։

Դեղամիջոցներ

Մեզի մեջ արյունը կարող է լինել որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից մեկը։ Այդպիսի դեղամիջոցների թվին են պատկանում պենիցիլին հակաբիոտիկը, քիմիաթերապևտիկ դեղ համարվող ցիկլոֆոսֆամիդը, ասպիրինը կամ  հակամակարդիչ հեպարինը, հատկապես եթե այդ երկու դեղամիջոցներն օգտագործվեն միզուղիների ինֆեկցիաների ժամանակ։ 

Վնասվածքներ

Տարբեր պատճառներով առաջացած մեջքի վնասվածքների դեպքում նույնպես կարող է մեզի մեջ արյուն հայտնվել։ Հաճախ խնդիրն անհետանում է որոշ ժամանակ անց, սակայն բժշկական հսկողությունն այս դեպքում կարևոր է։

Քաղցկեղ 

Մեզի մեջ արյունը միզապարկի քաղցկեղի առանցքային ախտանշաններից է։ Այն կարող է նաև երիկամների ու շագանակագեղձի քաղցկեղի նախանշան լինել։ Սա կարևոր պատճառներից մեկն է, թե ինչու է անհրաժեշտ դիմել բժշկին, եթե մեզի մեջ արյուն է նկատվում։

Պարզելու համար, թե ինչու է մեզի մեջ արյուն հայտնվում, բժիշկը ֆիզիկական զննում կիրականացնի և կծանոթանա ձեր ընտանեկան պատմությանը։ Կարող է առաջանալ մեզի, արյան անալիզ հանձնելու, միզապարկի ու երիկամների պատկերային հետազոտություններ անցնելու անհրաժեշտություն։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930