Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբանական ճգնաժամ են ունենում մարդիկ, որը տարածվում է բոլորի՝ բժիշկների, այդ թվում հոգեբանների վրա». «Ապառաժ»-ի հարցազրույցը ԱՀ առողջապահության նախարարի հետ

Հունիս 26,2023 23:20

Շրջափակման պայմաններում Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի խնդիրները, նախարարի պաշտոնավարման 100 օրը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ—ի գործունեությունը: Այս և այլ հարցերի շուրջ է «Ապառաժ»-ի հարցազրույցը ԱՀ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի հետ:

-Ինչպե՞ս է առողջապահության համակարգը դիմակայում շրջափակման հետ կապված դժվարություններին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս նաև հումանիտար բեռների մատակարարման հետ կապված խնդիրներ կան:

-Նման իրավիճակներում ամենախոցելին դառնում է առողջապահության համակարգը, որովհետև միանգամից դադարեցնում ենք պլանային վիրահատությունները: Վիրահատությունների ժամանակ բավական մեծ թվով դեղորայք և բժշկական պարագաներ են օգտագործվում, դրա համար ստիպված պետք է դադարեցնես, որպեսզի սուղ պայմաններում ունեցածը ավելի երկար ժամանակով օգտագործելու հնարավորություն ունենաս: Իսկ պլանային վիրահատություններ չիրականացնելը կարող է որոշների մոտ հանգեցնել ավելի սուր վիճակի: Դա խնդիր է դառնում, որովհետև սուր վիճակում գտնվող հիվանդների վիրահատություններն իրականացնում ենք: Մյուս խնդիրը կապված է ՀՀ-ից ներմուծվող դեղամիջոցների ու բժշկական այլ պարագաների հետ, պետք է ամեն ինչ անենք, որ հիվանդանոցները հնարավորինս սեղմ օգտագործեն իրենց ունեցած դեղորայքը:

Ճանապարհի փակվելուց խնդիր է առաջանում դեղատներում հանրության համար նախատեսված դեղորայքի առումով: Ճիշտ է, դա մասնավոր սեկտորն է, բայց ամեն դեպքում առողջության հետ է կապված: Նախարարությունն աջակցում է, որպեսզի դեղատներին անհրաժեշտ վաճառքի դեղորայքը Գորիսից Ստեփանակերտ անվճար տեղափոխվի: Դրա համար է հարց առաջանում, որ դեղերը պետք է էժանանան, բայց իրականում դեղերի գների աննախադեպ բարձրացում չկա: Բնականաբար, երբ ճանապարհը փակվում է, մարդկանց մոտ խուճապ է առաջանում ու փորձում են ավելի շատ դեղորայք ունենալ, պահեստավորել, քան իրականում անհրաժեշտ է: Նույնը նաև սննդի պարագայում: Սա է մեր հիմնական խնդիրը: Նաև հոգեբանական ճգնաժամ են ունենում մարդիկ, որը տարածվում է բոլորի՝ բժիշկների, այդ թվում հոգեբանների վրա:

— Երևանում բուժում ստանալու համար հերթագրված  ծանր հիվանդների համար արդյո՞ք հնարավոր է տեղում վիրահատություն անցկացնել, բուժում ապահովել: Քանի՞ հոգի է սպասում ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվելուն:

-Հունիսի 22-ի դրությամբ 190 հոգի սպասում է տեղափոխման՝ ՀՀ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնելու կամ բուժումը կազմակերպելու համար: Այդ թիվն օրեցօր աճում է: Հունիսի 15-ին, երբ արգելվեցին հումանիտար հիվանդների տեղափոխումը, ու մեր կողմից Կարմիր խաչի մեքենաները համարյա հասել էին Հակարիի կամուրջ, մեքենաներում գտնվող հիվանդների վիճակը վատթարացավ: Սակայն, երբ այլևս այլ ընտրություն չկա ու միջամտության անհրաժեշտություն կա, այստեղ անում են:

Գաղտնիք չէ, որ շատ հիվանդներ նախընտրում են իրենց հետազոտությունն ու բուժումը կազմակերպել ՀՀ-ում: Մենք ամեն ինչ անում ենք այս օրերին դա կանխարգելելու համար, բայց հատկապես ուռուցքային հիվանդություններ ունեցողների տեղափոխմանը չենք առարկում: Նույնիսկ եթե այստեղ էլ կարող է բուժում ստանալ, բայց հիվանդը ցանկություն է հայտնում անպայման Երևանում անել, չենք խոչընդոտում: Անգամ եթե կարող են բուժումն այստեղ կազմակերպել, բայց ուզում են մեկնել Երևան և պլանային ժամկետով սպասում են, առարկելու տեղ չեմ տեսնում: Բնականաբար, Երևանում բուժումը և հետազոտությունը շատ ավելի պատշաճ կարող են լինել, քան Արցախում այս իրավիճակում:

-Ի՞նչ պայմաններում են աշխատում բուժհաստատությունները, հատկապես շրջաններում՝ վառելիքի, դեղերի սղության ֆոնին:

-Ամեն ինչ իդեալական չէ, բայց փորձում ենք օգնել և՛ դիզվառելիքի, և՛ բենզինի ձեռքբերման  հարցում: Կառավարությունը թույլտվություն է տվել հսկելու վառելիքի խնայողաբար օգտագործումը, բայց հնարավորություն ունենք անհրաժեշտ քանակի դիզվառելիք ու բենզին ստանալու: Դեղերի առումով կա նվազագույն պահեստավորած քանակ, որն առաջիկա շաբաթներին բավարար կլինի:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930