Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբանները ներկայացան դատարան եւ հայտարարեցին, որ գնում են մասնակցելու մեկօրյա գործադուլին

Հունիս 26,2023 23:35

Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր  Տարոն Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող  գույքերի եւ դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը հակակոռուպցիոն դատարանում պետք է կայանար այսօր։

Ենթադրվում էր, որ այսօր փաստաբանների համայնքի հայտարարած մեկօրյա գործադուլի պատճառով դատական նիստը չի կայանա պատասխանող կողմի պաշտպանների չներկայանալու պատճառով։ Այդուհանդերձ, փաստաբաններ Բենիկ Գալստյանը, Մուշեղ Առաքելյանը եւ Ժենյա Մինասյանը եկան դատարան։ Իսկ երբ նախագահող դատավոր Կարապետ Բալայանը դատական նիստն սկսեց, Տարոն Մարգարյանի եւ Գոհար Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը հայտարարեց, որ ինքը միացել է իր գործընկերների հայտարարած գործադուլին եւ միայն դատարանի նկատմամբ հարգանքն է իրեն ստիպել ներկայանալ եւ միջնորդել դատական նիստը հետաձգել, քանի որ ինքը գնում է փաստաբանների գործադուլին մասնակցությունը շարունակելու։ Գործընկերոջը միացան նաեւ փաստաբաններ Մուշեղ Առաքելյանն ու Ժենյա Մինասյանը։

Մեղադրող դատախազ  Ռուզաննա Խուդավերդյանը նրանց միջնորդությանը չառարկեց՝ վերջնական որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։

Նախագահող դատավոր Կարապետ Բալայանը նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց  հուլիսի 19-ին, ժամը 14։00-ին։ Նիստից հետո մեղադրող դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը Aravot.am-ին մեկնաբանեց, թե ինչու չառարկեց փաստաբանների՝ նիստը հետաձգելու միջնորդությանը․ «Չառարկեցի, որովհետեւ փաստաբանները կարեւոր հարց էին բարձրացնում եւ ամբողջությամբ թողեցի դատարանի հայեցողությանը»,- ասաց նա։

Բենիկ Գալստյանն իր միջնորդությունը հիմնավորեց այսպես․ «Փաստաբանների ընդհանուր միությունը, համայնքը հայտարարել է գործադուլ։ Գործադուլը պայմանավորված է կոնկրետ փաստաբանների նկատմամբ վերջերս տեղի ունեցող բռնության դեպքերով։ Ես որպես փաստաբանական համույթի ներկայացուցիչ չէի կարող չմասնակցել այդ գործընթացին։ Միեւնույն ժամանակ հաշվի առնելով վստահորդիս իրավունքների իրացումը, ինչպես նաեւ օրենքի ուժով պարտավորեցված դատարանի նկատմամբ դրսեւորված իմ հարգանքը, այսօր ներկայացա դատական նիստին եւ հայտնեցի, որ օգտվել եմ գործադուլի իմ իրավունքից, խնդրեցի դատարանին՝ ընդառաջել ինձ, հետաձգել նիստը, որպեսզի ես իրացնեմ իմ գործադուլի իրավունքը»։

Մուշեղ Առաքելյանը ասաց, որ Փաստաբանների պալատի կողմից հայտարարված գործադուլի եւ իրենց գործընկերոջ հետ տեղի ունեցած բռնության շրջանակներում եւ փաստաբանների պալատում իրականացվող վերապատրաստման դասընթացների հիմնավորմամբ է միացել ակցիային։

Իսկ Ժենյա Մինասյանը այսօր իրականացված ակցիային հավելեց, «Նոր եմ ներգրավվել եւ նոր եմ ծանոթանում գործի նյութերին։ Մի մասին ծանոթացել եմ դատարանում, մյուս մասի էլ պատճեները պիտի տրամադրեն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930