Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Օգոստոսի 23-ը իրենց աչքով տեսած մարդիկ, եթե հուլիսի 5-ի կարեւորությունն էլ չեն հասկանում, թող առողջ լինեն որպես ազգային փոքրամասնություն Հայաստանում»

Հունիս 26,2023 22:44

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսել է վաղը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ունենալիք ելույթի մասին։ «Թողնել հանգիստ միջավայրում նստի, իրենք նախապես գրած հարցերը հնչեցնեն ու ինքը պատասխանի՞։ Այդ միջավայրը չպետք է թողնել։ Ես չեմ ասում, որ ընդդիմությունը գնա, այդ նիստին մասնակցի։ Դա էլ պետք չի։ Բայց դրանց չպետք է թողնել հանգիստ շունչ առնեն։ Համենայն դեպս, իմ գործունեությունը կարող է դիտվել որպես մեթոդական աջակցություն։ Ապրիլի 4-ին ԱԺ հանձնաժողովի նիստում ՄԻՊ ընտրության ժամանակ երեւաց, թե ինչ է պետք անել դրանց դահլիճից հանելու համար։ Ակնկալիքն այն չէ, որ ընդդիմությունը գնա, հարց տա, Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանի։ Ակնկալիքն այն է, որ իրենք պետք է նրան ուղղորդեն ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Բանախոսը անդրադարձավ Երեւանի ավագանու՝ աշնանը կայանալիք ընտրություններին, հումորով նշեց, որ անզիջում պայքար է ծավալվելու ընդամենը 5-6-րդ տեղերն զբաղեցնելու համար, քանի որ առաջին տեղերն արդեն զբաղեցված են։

Չշրջանցվեց նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հարցը։ «Արման Դիլանյանն է սկսել խոսել որպես իրավաբան տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իր պատկերացումների մասին։ Արդեն սկսել են լղոզման գործընթացը։ Շուտով կտեսնենք․ տանելու են այս պայմանագիրը, մի երկու-երեք հոդվածներով լղոզելու են, թե ինչ է տարածքային ամբողջականությունը ու ասեն՝ վերջ, Հայաստանի ոչ տարածքը գիտենք ինչ է, ոչ իրավունքը։ Մի լղոզված բան կգրեն, կասեն՝ դա վերջնական որոշում է, բողոքարկման ենթակա չէ։

Եթե սրանց դեմը հենց այս հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, չառնենք, աղետը հենց այս տարվա ընթացքում գալու է, նստի մեր տան առջեւ։ Ես այս նույն բանն ասել եմ 2022 թվականի օգոստոսի 23-ին։ Անկախության հռչակագրի ընդունման օրը հանրահավաք էի հրավիրել։ Ասում էի, սիրելի ժողովուրդ, սա պատրաստվում է գնալ բանակցությունների ու բերելու է աղետ։ Եկեք հավաքվենք ու դրա դեմն առնենք։ 5 հազար մարդ եկավ Հանրապետության հրապարակ, մնացած 50 հազարը չեկան։ Ու խնդիրը չլուծվեց։ Ձեռք էին առնում, թե․ տեսա՞ր, որ ժամը 9-ին հրաժարական չտվեց։ Հա, տեսա։ Եվ իմ ասածները օրացուցային ճշտությամբ կատարվեցին։ Օգոստոսի 23-ին եղել է մեր հանրահավաքի օրը, որ պիտի դեմն առնեինք՝ չենք առել, օգոստոսի 31-ին Բրյուսելում հանդիպել է Իլհամ Ալիեւի ու Շարլ Միշելի հետ, դրանից 15 օր հետո՝ սեպտեմբերի 13-14-ին, եղել է երկօրյա պատերազմը եւ ուժի ճնշման տակ հոկտեմբերի 6-ին ստորագրել են տվել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Հայաստանը ճանաչել է Պրահայի քառակողմ հայտարարությունը, այն, որ Ալիեւն ասաց, թե պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ Ադրբեջանի կազմում։ Դեկտեմբերին ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախի ճանապարհը, իսկ այսօր արդեն վերջնականապես հսկիչ-անցագրային կետով ճանապարհը փակված է։

Հիմա ես հուլիսի 5-ին հայտարարել եմ հանրահավաքի մասին, Սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրը սրանց վռնդելու օր։ Հիմա որ մարդիկ էլի անլուրջ վերաբերվեն, ասեն մեկ է, ոչ մի բան չի լինելու, Արարատ Միրզոյանն արդեն Վաշինգտոնում է ու բանակցությունները վաղն սկսվելու են։ Հուլիսի 26-ին արդեն պայմանավորվել են, որ հերթական հանդիպումը լինի Ալիեւի հետ եւ հոկտեմբերին ստորագրելու են Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի պայմանագիրը։

Սա արդեն առաջիկա ժամանակաշրջանն է։ Օգոստոսի 23-ը իրենց աչքով տեսած մարդիկ եթե հուլիսի 5-ի կարեւորությունն էլ չեն հասկանում, թող առողջ լինեն որպես ազգային փոքրամասնություն Հայաստանում»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930