Ախուրյան համայնքի սիրելի բնակիչներ, արդեն երկու օր է, ինչ Ախուրյան համայնքի ղեկավարը և իր թիմի անդամները շահարկում են այն միտքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խաթարում է համայնքի բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ գնահատականը բացառապես աղերս չունի իրականության հետ։
Ավելին՝ կազմելով մեծամասնություն ընդամենը մեկ ավագանու անդամի առավելությամբ, իրենք են փորձում համայնքի ավագանու նիստերը բոյկոտել։ Գերադասելով սեփական շահը՝ քաղաքացիների ու համայնքի խնդիրները մղվում են երկրորդ պլան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցանկացած նախաձեռնություն և նախագիծ, որոնք մշտապես բխում են համայնքի ու բնակչության շահերից, չեն արժանանում մեծամասնության հավանությանը եւ, հետեւաբար կյանքի չեն կոչվում։
Ինչ վերաբերում է նախօրեին Արծրունի Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը նախաձեռնել էին սեփական թիմի անդամները, անփառունակ ավարտ ունեցավ։
Կարդացեք նաև
Նախաձեռնությունը տապալվեց հենց նախաձեռնողների կողմից, ինչը խոսում է նույնիսկ սեփական թիմում անվստահության մթնոլորտի եւ արմատական տարաձայնությունների մասին։
Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է համայնքի ղեկավարությունը, իսկ ընդդիմությունը՝ այս դեպքում «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունը, հստակ ու գործուն քայլեր է ձեռնարկում իրավիճակը հանգուցալուծելու՝ առաջնորդվելով համայնքի ու բնակչի շահերով։
Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության անդամները միահամուռ են եւ ունեն քաղաքական կամք՝ իրավիճակը լուծելու ի շահ Ախուրյան համայնքի եւ քաղաքացու։
Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցություն