Տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում թեժ իրավիճակ է․ չի բացառվում, որ այստեղ իշխանափոխություն տեղի ունենա։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընդամենը մեկ ձայնով տեղական իշխանությունը զիջել էր դաշնակցականներին, այժմ ամեն կերպ հավակնում է գալ իշխանության։
Այս մասին երկու օր առաջ պաշտոնապես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հրապարակելով իր թեկնածուի՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ-ական անդամ Զավեն Մանուկյանի անունը ։
ՔՊ-ի այս հայտարարությանը պատասխանեց թե՛ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը, որը գլխավորում է «Ախուրյան» դաշինքը, և թե՛ նրա տեղակալ, դարձյալ դաշնակցական Կարեն Արշակյանը, որը «Հաղթանակ» դաշինքի ղեկավարն է։
Կարդացեք նաև
Ախուրյանում իշխանությունը ձևավորվել է այս երկու դաշինքների միավորմամբ։
Արծրուն Իգիթյանը 14 ձայն էր ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը, որը Շիրակի փոխմարզպետն է՝ 13 ձայն։
Դաշնակցականներն, անդրադառնալով ՔՊ-ի այն քննադատությանը, թե Ախուրյանում անառողջ, ոչ կառուցողական մթնոլորտ է ստեղծվել, հակադարձել էին, թե Ախուրյանում առողջ մթնոլորտը խաթարվում է քաղաքական դրդապատճառներով և որ ՔՊ-ն լծվել է իրենցից ավագանու անդամ փախցնելու գործին։
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր հերթին հակադարձել էր՝ հարցնելով՝ եթե մթնոլորտն առողջ է, ինչո՞ւ են դաշնակցականները սկսել համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Հիշեցնենք, որ Ախուրյանում իշխանական ավագանու 9 անդամներ անվստահության գործընթաց են սկսել գործող համայնքապետ Արծրուն Իգիթյանի նկատմամբ, նրանք համայնքապետի պաշտոնում առաջադրել են համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Արշակյանի թեկնածությունը։
Սա, իհարկե, շատերի կողմից ընկալվել էր որպես ունեցած իշխանությունը մեկ տարով անձեռնմխելի դարձնելու միջոց, քանի որ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել համայնքապետին։
Ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ պիտի քննարկվեր գործող համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը, չկայացավ, այս նախաձեռնությունը սկսած ավագանու անդամները նույնիսկ չներկայացան նիստին։
Aravot.am-ին հայտնի դարձավ, ավագանու երկու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը և վերջերս մանդատ ստացած Արիստակես Չալոյանը դիմում են ներկայացրել համայնքապետին՝ նրա գլխավորած «Ախուրյան» դաշինքը լքելու մասին՝ ցանկություն հայտնելով մնալ ավագանու անկախ անդամներ։
Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը դիմում է ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին՝ դարձյալ մնալով ավագանու անկախ անդամ։
Մեր այս տեղեկությունը հաստատեց Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանը։
Այսինքն` ստացվում է՝ համայնքապետ Արծրուն Իգիթյանը, որն իր թիմում ուներ 14 անդամ, այժմ ունի ընդամենը 11-ը։ Միավորված երկու դաշինքները՝ «Ախուրյանը» և «Հաղթանակն» այլևս մեծամասնություն չեն կազմում, ինչը նշանակում է, որ գործող տեղի իշխանությանը սպառնում է իշխանությունը կորցնելու վտանգ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ