Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի երաժշտական դպրոցի համերգը՝ մթության մեջ, հեռախոսի լապտերների լույսով լուսավորված

Հունիս 26,2023 17:44

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 85-ամյակին նվիրված համերգն անցել է յուրահատուկ պայմաններում՝ մթության մեջ, լուսավորված՝ բջջային հեռախոսների լապտերներով:

Չնայած այս պայմաններին՝ համերգն աննախադեպ հուզիչ ու գեղեցիկ է եղել:

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը պատմեց, որ տնօրեն է նշանակվել անցյալ տարվա օգոստոսին:

«Հետաքրքրվեցի, տեսա, որ դպրոցի 85-ամյակն է, ու որոշեցի, որ ամեն գնով պետք է հոբելյանը նշել: Ու չնայած առկա դժվարություններին, գազի, լույսի բացակայությանը՝ մենք շարունակեցինք աշխատել եւ պատրաստվել հոբելյանական համերգին: Համերգի հստակ օր որոշեցինք: Մեզ մոտ հովհարային անջատումներ են, բայց վստահ էինք, որ համերգի օրը երեկոյան ժամը 7-ին հոսանքը միացնելու են: Սակայն այդ օրը ուժեղ անձրեւ եկավ, կայծակից տրանսֆորմատորը այրվեց: Մտածում էինք՝ անցկացնե՞լ համերգը, թե՞ հետաձգել: Պատասխանատվությունն ինձ վրա էր, քանի որ ես էի կազմակերպիչը: Դահլիճում նստած էին ԿԳՄՍ նախարարը, քաղաքապետը, փոխքաղաքապետը, պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Այդպես կանգնած էի հարցի առաջ՝ շարունակել, թե ոչ: Համերգը վարողներին՝ Հունան Թադեւոսյանին եւ Շողեր Սարգսյանին խնդրեցի՝ ծրագրից դուրս մի բան հայտարարել՝ մինչեւ հասկանանք, թե ինչ ենք անելու»,-նշեց տիկին Բաբայանը:

Ապա ներկայացրեց, թե ինչպես է համերգն ընթացել հեռախոսների լապտերների լույսերով լուսավորված դահլիճում: «Մի խոսքով, շարժվեցինք մեր ծրագրով, ինչպես նախատեսել էինք: Հավատացեք, որ եթե հոսանքի անջատվելու հանգամանքը չլիներ, երեւի համերգի վերաբերյալ այսպիսի արձագանքներ չլինեին: Ասել, որ համերգը շատ լավ անցավ, նշանակում է՝ ոչինչ չասել, որովհետեւ դահլիճում լռություն էր, անգամ ճանճի տզզոցը կլսվեր, բոլորը շատ հուզված էին: Ամբողջ կենդանի հնչողություն էր՝ թե երգերի, թե գործիքային կատարման: Հրաշալի կենդանի հնչողություն էր»,-հավելեց Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենը:

Զարինե Բաբայանը նշեց, որ հուզված են եղել նաեւ երեխաները. «Իրենք գիտեն, որ ապրում ենք ծանր իրավիճակում, դրա համար ամեն ինչի պատրաստ էին, կազմակերպված՝ պատրաստ: Երբ կուլիսներում համբուրեցինք երեխաներին, անընդհատ հարցնում էին՝ շատ լավ է, չէ՞, անցել: Ուրախ էինք, որ ողջ չարչարանքը ջուրը չընկավ»:

Զարինե Բաբայանից տեղեկացանք, որ դպրոցն այս տարի ուներ 437 սան, դպրոցում գործում է 6 բաժին՝ դաշնամուրային, երգեցողություն, լարային, ժողգործիքների, հարվածային գործիքների եւ փողային: Ընդգծեց, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ ազգային մշակույթը հայրենի հողի վրա պահպանելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930