Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերները խոշտանգում, ծեծում, ջարդում, սպառնում են մարդուն, նա էլ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, հետո քննիչի մոտ գործը քանդվում է»․ Դանիել Իոաննիսյան

Հունիս 26,2023 17:23

Վերջին տասնամյակներում միակ տարին, երբ ոստիկաները բռնության են ենթարկել փաստաբաններին, 2023 թվականն է եղել, այս տարի նման երեք դեպք է արձանագրվել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, վերջերս ոստիկանության բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանը խոշտանգման է ենթարկվել, երբ փորձել է օգնել իր պաշտպանյալին, ամիսներ առաջ նույնպիսի դեպք է արձանագրվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանի եւ Էմանուել Անանյանի նկատմամբ։

Օրերս էլ ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանն է հայտարարություն տարածել իր նկատմամբ բռնության մասին։ Նա պնդում է, որ իրեն խոշտանգել են Քննչական կոմիտեի Երեւանի վարչությունում, բռնությանը մասնակցել են ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու Երեւանի քննչական վարչության պետք Ազատ Գեւորգյանը։

«Համակարգը թույլ է տալիս, որ իր ներսում բռնություններ տեղի ունենան։ Եթե գալիս է նոր իշխանություն՝ հայտարարելով, որ համակարգը փոխելու խնդիր ունի, որ հեղափոխական է, հինը մերժող, ապա պետք է իշխանությանը քայլերը լինեն տեսանելի։ Այն, ինչ տեսնում ենք այսօր, անկախ հանգամանքներից, թե որքանով են դրանք հարյուր տոկոսանոց իրական, կամ կասկածելի, արդեն այս խոսակցությունները բռնության մասին շատ տպավորիչ են»,-ասաց քննարկման մեկ այլ մասնակից՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իոաննիսյանի կարծիքով՝ իրավապահ մարմիններում բռնությունները մեկ-երկու դեպքեր չեն, սա միտում է, որն արդյունք է նրա, որ ներքին գործերի նախարար նշանակվեց մի անձ, որը համարում է, թե ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, այլ ոչ թե ոստիկանի արդյունավետ ծառայության դիմաց հանրային հարգանքի, որ հանրությունը տեսնի՝ ոստիկանն անում է այն, ինչի համար մենք հարկեր ենք վճարում, որ ոստիկանը պաշտպանում է մարդկանց, որ ոստիկանություն դիմելիս մարդը չի փոշմանում․ «Դրանից էլ գալիս են բռնության դեպքերը։ Հասկանալի է, որ ՆԳ նախարարը չի ասում Դիլիջանի քրեական հետախուզության պետին՝ գնա անչափահաս մատուցողին ծեծի, ինքը երեւի չի ասում՝ գնացեք փաստաբանին ծեծեք, բայց երբ բռնության դեպքերը խրախուսվում են, բռնության հեղինակները խրախուսվում են, այլ ոչ թե պատժվում, սա ուղերձ է համակարգին, արդյունքում բռնության տարբեր դրսեւորումներ են լինում։ Սա զարգանալու է, խորանալու է, առավել եւս որ սա համատեղվում է ոստիկանության շատ ցածր կարողությունների հետ հանցավորության դեմ պայքարի եւ ոստիկանությունից բարձր ակնկալիքների մթնոլորտում։ Օրինակ՝ երբ վարչապետը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները ոստիկանությունից պահանջում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար ու դա նորմալ չի կարողանում իրականացնել, քանի որ տոննաներով թմրանյութեր են անցնում, չի կարողանում դրա դեմ պայքարել, գնում «Պոլիգրաֆի» նման ակցիաներ է անում եւ արդյունքում 3,6 գրամ մարիխուանա է գտնում»։

Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանի նկատմամբ բռնությանը, Իոաննիսյանն ասաց, որ չի կարող պնդել՝ խոշտանգում եղե՞լ է, թե՝ ոչ, առավելեւս ով է մասնակցել դրան, բայց Առաքելյանի պատմած մանրամասները հիմք են տալիս այդ հաղորդումն արժանահավատ համարելու։ Նրա կարծիքով՝ պետք է պատշաճ քննություն իրականացվի, սակայն չի վստահում, որ այն պատշաճ կլինի։

«Հանրությունը տեղյակ է լինում միայն այն դեպքերի մասին, որոնց մասին հարազատները կամ բռնության ենթարկված անձն է բարձրաձայնում։ Սոցիալական ցանցում քննարկում են, թե Տիգրան Առաքելյանի հայտարարությունն ինչքանով է հավաստի։ Մեզ դա չի հետաքրքրում, քննությունը դա կպարզի, մեզ հետաքրքրում է այն, որ մարդը հայտարարություն է տարածում իր նկատմամբ խոշտանգման մասին։  Մեզ համար կարեւորը հանգամանքները բացահայտելն է։ Արդյոք կբացահայտվեն, փորձը ցույց է տալիս՝ ոչ»,-ասաց Հարությունյանը։

Հարությունյանի կարծիքով էլ՝ համակարգը նման դեպքերից եւ խնդիրներից մաքրելու համար, ոստիկանապետը պետք լինի համակարգից դուրս մարդ, քաղաքական գործիչ, որը կապված չլինի այդ համակարգի հետ ու փոփոխություն կատարելիս ազատ լինի։

Իոննիսյանն էլ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ դուրս եկան ոստիկանության բարեփոխման վերաբերյալ նախաձեռնությունից, պատմեց տարիներ առաջ տեղի ունեցածի մասին․ «Տասը-քսան տարի առաջ էր, ԵԱՀԿ-ն Արաբկիր բաժնի վրա կենտրոնացած էր, ներդրումներ, բարեփոխումներ էր անում։ Հետո խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հայտնաբերեց դեպք, երբ ոստիկանը հակագազով մարդ է խոշտանգել։ ԵԱՀԿ-ն անհարմար վիճակում հայտնվեց։ Մենք չենք ուզում հայտնվել նման իրավիճակում՝ մասնակցել մի գործընթացի, որի արդյունքը կարող է մարդ ծեծելը լինի»։

Իոաննիսյանը նկարագրեց, թե ինչու են խոշտանգումներ տեղի ունենում ոստիկանության բաժնում․ «Օպերներին պետք է, որպեսզի հանցագործությունն իրենց վիճակագրությունում նշվի, որպես բացահայտված, իրենց մեկ է՝ տվյալ հանցագործության մեղավորները կպատժվեն, թե՝ ոչ, գողոնը կհայտնաբերվի, թե՝ ոչ։ Խոսքը բոլոր օպերների մասին չէ։ Համակարգային առումով օպերներին մեկ է՝ հանցագործը դատարանի առաջ կկանգնի՞, թե՝ ոչ։ Իրենք ունեն իրենց ագենտները, տեղեկություններ են հավաքում, բերում են այն մարդու, ում կասկածում են, որ այդ հանցագործությունը կատարել է, իրեն խոշտանգում են, ծեծում, ջարդում, սպառնում, այդ մարդն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, դրա հիման վրա գրում են, որ հանցագործությունը բացահայտված է, ու փոխանցում են գործը քննիչին։ Իսկ քննիչի մոտ գործը քանդվում է, որովհետեւ գալիս է փաստաբանն ու ասում՝ այս ցուցմունքից հրաժարվում ենք, քանի որ բռնությամբ է կորզվել, որեւէ ապացույցով օպերները չեն համալրել, որ քննիչը դնի գործում ու տանի դատարան։ Գործը դատարան չի հասնում, բայց ոստիկանական վիճակագրության մեջ գրվում է բացահայտված հանցագործություն։ Օրինակ՝ սպանությունների 75%-ը վերջին հինգ տարվա կտրվածքով համարվում է բացահայտված, բայց դատարան հասնում է 27%-ը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930