Վերջին օրերին չդադարող հորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում: Անձրեւաջրերը հեղեղել են սելավատարները, տեղ-տեղ քշել տարել ցանքատարածությունները, ճանապարհներ քանդել, հենապատեր փլուզել:
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մամուլի խոսնակ Աղասի Ղորխմազյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակից ու պատճառված վնասներից, դրանք աննախադեպ որակեց, նշելով, որ ոչ միայն տեղումներն են աննախադեպ եղել, այլ նաեւ վնասները. «Մեր տարածաշրջանում բախվեցինք անոմալ հորդառատ անձրեւների հետ, որ այս շրջանում երբեւէ չէին եղել: Փլուզվել են հենապատեր, ճանապարհներ, այդ թվում՝ միջհամայնքային ու միջպետական: Վերջերս ջրահեռացման խողովակ էինք անցկացրել Ախթալայում, անձրեւաջրերը իրենց հետ մեծ քանակությամբ սարից ճյուղեր, քարեր ու աղբ էին իրենց հետ բերել ու խցանում առաջացրել, ջրի մեծ ծավալի եւ խցանման հետեւանքով հենապատի զգալի մասը քշել տարել էր, նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաեւ Շամլուղում: Շնող բնակավայրում՝ Մ-6 միջպետական ճանապարհից դեպի Թեղուտ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի: Այսօր արդեն «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ համայնքապետարանի միջոցով իրականացվում են վերականգնման աշխատանքներ: Թեղուտ համայնքում եւս 2 հենապատ է փլուզվել, Ալավերդիում էլ մի քանի փլուզման եւ քարաթափման դեպքեր են գրանցվել, վնասները քիչ չեն»:
Մամլո խոսնակի խոսքով՝ չնայած համայնքապետարանը տեխնիկապես պատրաստված չէր նման լայնամասշտաբ վնասների, սակայն ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի հնարավորինս օպերատիվորեն արձագանքեն բնակիչների ահազանգերին ու կազմակերպեն վթարավերականգնողական աշխատանքները. «Շաբաթ կիրակի, հանգստյան օրերն ու ժամերը անտեսելով, համայնքապետարանի կոմունալ բաժինը իր մաքսիմալ ռեսուրսն է ներդրել, որպեսզի խնդիրներին շուտափույթ արձագանքեն եւ ճանապարհները բերեն բնականոն ռեժիմի, մեզ աջակցում են նաեւ մասնավոր կառույցները»:
Սրանցից բացի, Ակներ բնակավայրում հեղեղը վնասել է նաեւ հուշաղբյուրի տարածքը, իր հետ քշել տանելով մետաղյա սեղանն ու նստարանները:
Կարդացեք նաև
Աղասի Ղորխմազյանն ասում է, հորդառատ անձրեւները վնասներ են պատճառել նաեւ գյուղատնտեսությանը, հատկապես՝ ցանքատարածություններին. «Եթե տեղումները մի քիչ էլ շարունակվեն, ապա բերքի լուրջ կորուստներ կունենանք, չհաշված որ արդեն իսկ ունենք տնամերձ ցանքատարածությունների, հողամասերի ու հեռագնա արոտներում վնասների մասին ահազանգեր»:
Հորդառատ անձրեւների հետեւանքով վնասվել է նաեւ Սեդվու վանական համալիրի աշտարակը:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ